Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ, իշխող «Արդարութուն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ահմեթ Դավութօղլուի՝ հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում կազմակերպված հանրահավաքներում արած, ատելություն սերմանող հակահայկական արտահայտությունների, ինչպես նաև քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ) հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջ մեղադրանքների դեմ Twitter-ում «Ընկերս հայկական սփյուռքն է» (#arkadasimermenidiasporası) հեշթագով արշավ է սկսվել:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը:

 

 

Ահմեթ Դավութօղլուն Բաթմանում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հայկական սփյուռքն ընտրությունների ընթացքում աջակցություն է հայտնել քրդական ԺԴԿ-ին:

 

 

Ելույթը սկսելով' «Ասա' ով է ընկերդ, ասեմ' ով ես դու» հայտնի ասացվածքով, Դավութօղլուն շարունակել է. «Քրդին, թուրքին, արաբին կարո՞ղ է օգուտ լինել մեկից, ում ընկերը հայկական սփյուռքն է: Միթե զուգահեռ կառույցից (գյուլենականներից, որոնց թուրքական իշխանությունները թշնամի են համարում իրենց-խմբ.) աջակցություն ակնկալող ԺԴԿ -ից կարող է օգուտ լինել ժողովրդին»: Նա ասել է, որ ընդդիմադիր Ազգայնական շարժում, Ժողովրդահանրապետական և ԺԴ կուսակցությունները, Քրդստանի աշխատավորական կուսակցության' Հյուսիսային Իրաքում կենտրոն Քանդիլը, հայկական լոբբին և միջազգային ԶԼՄ-ները միավորվել են' ԱԶԿ-ին հարվածելու համար:

 

 

Ահմեթ Դավութօղլուն ԺԴԿ-ի համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին մեղադրել էր հայկական սփյուռքի հետ «առևտուր» անելու մեջ' հայտարարելով, թե նա դա անում է, իբր, Թուրքիայում քրդական հարցի կարգավորումը սադրելու համար:

 

 

ԱԶԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 25-ին Ուրֆայում կազմակերպված հանրահավաքի ելույթում Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով թուրք-քրդական բախումներին և ակնարկելով ընդդիմությանը, ասել էր, թե «որոշ քաղաքական ուժեր Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ»:

 

 

«Իշխանությունների դեմ պայքարողների միակ նպատակն այս երկրին ու ազգին թշնամի հանդիսացող հայկական լոբբիստական ուժերի հետ համագործակցելն է», -ասել էր Էրդողանը: