Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությունը՝ Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»,- ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից՝ ասված է նախարար Նալբանդյանի հայտարարության մեջ։

 

 

Բրազիլիայի Դաշնային Սենատը մայիսի 27-ին միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: