Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթnաժողովը ցույց տվեց, որ Եվրամիությունը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ համագործակցությունը: ԵՄ-ն տրամադրեց նոր բանակցություններ սկսելու մանդատը, ինչը հույս է ներշնչում, որ գոնե մինչև այս տարվա վերջ Հայաստանը կստորագրի երկկողմ համագործակցության փաստաթուղթը: Լրագրողների հետ մայիսի 30-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: «Եվրամիությունը որդեգրել է նոր քաղաքականություն' անհատական մոտեցում ցուցաբերելով Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների նկատմամբ: Ներկայումս Եվրամիությունը դեռևս ձևավորում է Հայաստանի հետ բանակցող թիմին, և ես կարծում եմ, որ մեկ-երկու ամսից այդ թիմը կժամանի Հայաստան,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

 

ԵՄ-Հայաստան նախանշվող փաստաթղթի քաղաքական մասով, նրա կարծիքով, որևէ խնդիր չկա: «Ընթացիկ տարվա մարտին Եվրամիությունը Ղազախստանի հետ համագործակցության շուրջ փաստաթղթերի մի փաթեթ ստորագրեց, ինչը նշանակում է, որ ԵՄ-ն արդեն տեղեկացված է, թե ինչ դրույթներ պետք է չլինեն Հայաստանի հետ ապագա փաստաթղթում' հաշվի առնելով մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,- նկատեց Թևան Պողոսյանը:

 

Անդրադառնալով Արևելյան գործընկերության առաջնորդների՝ Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված համատեղ հռչակագրին՝ Թևան Պողոսյանը ասաց հետևյալը. «Համատեղ հռչակագրում տեղ գտած դրույթները մեզ համար պետք է դրական գնահատել: Եվրամիությունը մեզ տվել է հնարավորություններ, իսկ թե որքանով մենք դրանք կօգտագործենք, ցույց կտա միայն ապագան»,- շեշտեց նա:

 

Մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Նախորդ' Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսված էր ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը, որն այդպես էլ չիրականացավ' ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման արդյունքում: Դրանից հետո' 2014 թվականից Հայաստանը Եվրամիության հետ վերսկսեց բանակցությունները նոր փաստաթղթի շուրջ: