Հայկական պատվիրակությունը մասնակցեց Բաքվի՝ առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շքերթին Հայաստանը ներկայացավ 7 հոգանոց պատվիրակությամբ, որը ղեկավարում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Պատվիրակության կազմում էին ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Սամվել Գեւորգյանը եւ Էդիկ Սահակյանը, Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը:

 

 

Շքերթին Հայաստանի եռագույնը տանում էր պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

 

 

Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով' բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: Բռնցքամարտում Հայաստանը ներկայացնելու է 6 մարզիկ' Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), ձյուդոյում' Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ' 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ: Հրաձգությունում' 2 մարզիկ' Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտում 4 մարզիկ' Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ), ազատ ոճայիններ' 6 մարզիկ' Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուրսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերյանիձե (125կգ), սամբոյում՝ 3 մարզիկ' Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Սոսե Բալասանյան, թաեքվոնդոյում' Արման Երեմյան: