ԱՄՆ-ն Ռուսաստանի կողմից հավանական ագրեսիան կանխելու նպատակով պատրաստ է տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ և ծանր ռազմական տեխնիկա տեղադրել արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներում, ինչպես նաև մինչև 5000 զինվոր ուղարկել: Այս մասին գրում է The New York Times-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի ղեկավարությունում և ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներում առկա սեփական աղբյուրներին:

 

Համապատասխան առաջարկն այժմ քննարկվում է ԱՄՆ իշխող շրջանակներում:

 

Այդ որոշումը պետք է հաստատվի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի և Սպիտակ տան կողմից:

 

«Եթե որոշումը հաստատվի, ապա առաջին անգամ` Սառը պատերազմի ավարտից ի վեր Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի նոր անդամ-երկրներում կտեղակայեն ծանր ռազմական տեխնիկա», - գրում է թերթը:

 

Զինվորական տեխնիկան նախատեսվում է տեղադրել Բուլղարիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Էստոնիայի և հնարավոր է` նաև Հունգարիայի տարածքներում:

 

Պենտագոնն իր մտադրությունները բացատրել է նրանով, որ ցանկանում է ցույց տալ իր անվտանգության երաշխիքները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: