Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականնի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի ձեռքը կարող է վիրահատեն: «Իսկապես, ինձ վնասվածքս շատ խանգարեց: Կարող եմ ասել, որ մի ձեռքով էի գոտեմարտում: Ըմբշամարտում շատ դժվար է նման իրավիճակում հաղթել: Կարևորն այն էր, որ կար նպատակ և կար ցանկություն: Սակայն ես չեմ հուսահատվում, առջևում աշխարհի առաջնությունն է: Վնասվածքս ավելի է բարդացել: Եթե կարիք լինի ձեռքս վիրահատելու, ապա պետք է անենք դա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ամոյանը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի կարծիքով' Բաքվի Եվրոպական խաղերն ամենածանր մրցաշարերից մեկն էր՝ հաշվի առնելով ճնշումը: «Եթե ինձ հաջողվեր մեդալ նվաճել, ապա այն ինձ համար աշխարհի առաջնությունների կամ Օլիմպիական մեդալներից ավելի թանկ կլիներ»,- ասաց նա:
Խոսելով գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի բացակայության մասին' Ամոյանը փաստեց, որ ամեն ինչ ավելի լավ կլիներ, եթե նա լիներ հավաքականի հետ: