Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում շարունակվում են մեծադիր ձեռագրերի վերականգման աշխատանքները: Այս տարի ծրագրվում է ավարտին հասցնել 11 ձեռագրի նորոգումը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վերականգման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը Մատենադարանում պահվում է 1000-ից ավելի մեծադիր ձեռագիր: Արդեն երկրորդ տարին է իրականացվում է դրանց վերանորոգման աշխատանքները: «Մինչ այս ռեստավրացիա չէինք անում, քանի որ չունեինք դրա համար անհրաժեշտ նյութերը: Տնօրինությունը, շատ կարևորելով ձեռագրերի պահպանությունը, ձեռք բերեց անհրաժեշտ ճապոնական թուղթը, որը թանկ արժի: Անցյալ տարի վերականգնվել է 9 մեծադիր ձեռագիր, այս տարի կվերանորոգվի 11-ը»,- ասաց Էլիազյանը:

 

 

Ավագ ռեստավրատոր Սուսաննա Կիրակոսյանն, ով հիմա աշխատում է 1444 թվականի ձեռագրի վրա, իր աշխատանքը համեմատում է բժշկի աշխատանքի հետ: «Աշխատում ենք մի վնասիր սկզբունքով: Թերթ առ թերթ նորոգվում են բոլոր պատռված և վնասված էջերը, ամրացնում թուղթը ու թանաքը: Այս ձեռագիրը հիվանդ է եղել սնկային հիվանդությամբ, բուժվել է և հիմա վիրահատական սեղանին է»,- ասաց նաˋ հավելելով, որ այս գործի համար անհրաժեշտ է մեծ համբերություն և սեր:

 

 

Վերականգման ժամանակ օգտագործում են միայն բնական նյութեր և բարձր որակի ճապոնական թղթեր: Մեկ ձեռագրի նորոգման ժամանակը կախված է վնասվածության աստիճանից և կարող է տևել 6 ամսից մինչև մեկ տարի և ավելի:

 

 

Մատենադարանում են պահվում ավելի քան 20 հազար ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ։ Վերջին տարիներին հաճախ անց են կացվում մասնագիտական սեմինարներ, փոխանակման ծրագրեր, որոնց շրջանակում Հայաստան են գալիս մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: «Գալիս են Էրմիտաժից, նաև' ԱՄՆ-ից: Թե´ տեխնիկապես, թե´ նյութերով մեր բաժինը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մեր աշխատանքը կանգ չի առնում: Նոր ենք վերադարձել Իտալիայի Գրքերի պաթոլոգիայի ինստիտուտից, որտեղ երկու հայկական ձեռագրեր են վերանորոգվում: Շատ կարևոր է տիրապետել բոլոր տեխնիկաներին, որպեսզի չկորցնենք ձեռագրերի պատմական ինքնությունը»,- իր հերթին նշեց Վերականգման բաժնի ղեկավարը:

 

 

Վերականգնման բաժինը կազմավորվել է Մատենադարանի՝ Երևան տեղափոխվելու տարեթվին՝ 1939թ.: Ներկայումս այն միակ նմանատիպ կառույցն է տարածաշրջանում: Բաժինը զբաղվում է խոնավության, կրակի, սնկերի, մանրէների, կրծողների ու միջատների քայքայիչ ազդեցությանը ենթարկված թղթյա և մագաղաթյա ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի, մանրանկարների և գրաֆիկական աշխատանքների կոնսերվացմամբ և վերականգնմամբ: Բաժինը գործակցում է արտասահմանյան հայտնի կենտրոնների հետ (Բեռլինի ազգային գրադարան, Իտալիայի Գրքերի պաթոլոգիայի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարան): Գերմանացի մասնագետներ Ռոբերտ Շիլեն եւ Մարգարետ Յաշկեն մոտ 15 տարի սեփական միջոցներով զբաղվում են Մատենադարանի արծաթե կազմերի վերականգնմամբ ու վերանորոգմամբ:

 

 

Վերականգնման բաժինը, Մատենադարանի հավաքածուների պահպանման և վերականգնման գործից բացի, աշխատանքներ է տանում Հայաստանի թանգարանների և գրադարանների, ինչպես նաև սփյուռքի նույնատիպ հավաքածուների կոնսերվացման և վերականգնման ուղղությամբ: