«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.
Սամվել Կարապետյանին պատկանող առևտրի կենտրոններն «ականապատվել» են Ուկրաինայից
Օրեր առաջ ահազանգ էր ստացվել Ռուսաստանի 5 քաղաքներում (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Ռեուտով, Կոլոմնա) «ՌԻՈ» սուպերմարկետների ցանցի 12 կետերում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին: Տարհանվել է շուրջ 12 հազար մարդ: Սուպերմարկետներում որևէ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել: Իրավապահ մարմինների աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով, «հեռախոսային ահաբեկիչներն» առևտրի կենտրոններն «ականապատել են» Ուկրաինայից: Այս մասին հաղորդում է Fontanka.ru-ն:
Խարկովի հեռախոսային ահաբեկիչների Dillinger team խումբը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանին ֆինանսական պահանջներ է առաջադրել: Նրանից պահանջում են 23.8 հազար դոլարի համարժեք գումար, իսկ վճարելուց հրաժարվելու դեպքում ամեն շաբաթ մեկնարկային գինը կավելանա 4700 դոլարով:
ՆԳՆ մասնագետները փորձում են պարզել հեռախոսային ահաբեկիչների ինքնությունը: ՌԴ օրենսդրությամբ' նախապատրաստվող ահաբեչության մասին կեղծ հաղորդագրության համար սահմանված է խոշոր տուգանք կամ 3 տարվա ազատազրկում:
***
Եվգենի Բիբինին persona non grata ճանաչել Հայաստանում
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանին առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինին Հայաստանում անցանկալի անձ ճանաչել:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ խոսելու է ոչ թե օրենքի նախագծի, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին մտահոգող խնդրի՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին:
«Ես մոտեցա ամբիոնին, որպեսզի հնչեցնեմ իմ և Հայաստանի քաղաքացիների մտահոգությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Այս պահին ես ցանկանում եմ առաջարկել Հայաստանի Հանրապետության խորհրդարանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրեն Հայաստանում անցանկալի անձ՝ persona non grata ճանաչելու առումով՝ այն բանի համար, որ նա բացահայտ արհամարհել է Հայաստանի մի շարք պետական կառույցների, ինչպես նաև մեր երկրի բնակչությանը»,- նշեց Ուրիխանյանը :
Ուրիխանյանը իրավապահ մարմիններին հորդորեց նաև քրեական գործ հարուցել ՀԷՑ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած ապօրինությունների առթիվ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքե;ով Ուրիխանյանի ելույթին, բոլոր պատգամավորներին հորդորեց խոսել քննարկվող օրենքի նախագծի վերաբերյալ: «Հարգելի պարոն Ուրիխանյան, ես հասկանում եմ, որ հայտարարությունների ժամ չկա արտահերթ նստաշրջանի ընթացքում, սակայն եկեք խոսենք բացառապես քննարկվող նախագծերի վերաբերյալ: Ես հասկանում եմ, որ խնդիրը, որի մասին Դուք ցանկանում եք խոսել, շատ կարևոր է, և, պատգամավորական համերաշխությունից ելնելով, ես չանջատեցի Ձեր խոսափողը: Բայց խնդրում եմ պահպանել կանոնակարգ-օրենքը»,- ասաց Շարմազանովը:
***
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը վթարի է ենթարկվել
Այսօր' հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 18:10-ի սահմաններում Աթոյան և էրեբունի 15-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Լուիզա Համբարյանի վարած Kia Sportage մակնիշի 30 SO 504 համարանշի և 32-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի 34 CS 334 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
«Տոնուս»-ից խաբված բնակիչները սպասում են կառավարության նիստի ավարտին, որպեսզի հանդիպեն վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանի հետ:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, բնակիչները նշեցին, որ նախորդ անգամ, Դավթյանն իրենց հետ հանդպման ժամանակ ներկայացրել էր ծրագիր, որը մշակվել էր կառավարության և բանկի համատեղ քննարկումների արդյունքում:
Ծրագրի համաձայն՝ Դավիթաշենի բնակիչները սահմանված ժամկետներում կատարելով լրավճարներ՝ կստանան իրենց բնակարանները:
Ըստ, Դավթյանի կատարվող լրավճարները պետք է ուղղվեին շենքի կառուցման աշխատանքներին:
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Դավիթաշեն թաղամասի շենքի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնելու են 80 դոլար, իսկ Փափազյանի բնակիչները՝ 150 դոլար։
«Փողերը տվել ենք, բայց էլի խաբում են: Մենք համաձայնվել ենք Արցախբանկի և կառավարության բոլոր պահանջներին, բայց արդեն հինգ ամիս է, ասում են կսկսենք շինարարությունը, բայց ոչ մի փոփոխություն:
Խոստանում են, բայց խոստումները շարունակում են չկատարել, անընդհատ հետաձգում են կոնկրետ գործողությունների իրականացման գործընթացը' անհասկանալի և անորոշ պատճառաբանությամբ: Ասում են շենքի շինարարության հետ կապված շատ խնդիրներ կան, խնդիրները լուծվեն, միանգամից կսկսվի շինարարությունը, հարցնում ենք՝ ինչ խնդիրներ կան, չեն բացատրում:
Իսկ Կառավարությունը, փաստորեն, այնքան թույլ է և անկարող, որ Արցախբանկի ղեկավարությունը թքած ունի ՀՀ քաղաքացիների ու կառավարության առջև ստանձնած պարտավորվածությունների վրա:»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց խաբված բնակիչներից մեկը:
Հիշեցնենք, որ 2006 թվականից շուրջ 120 ընտանիքներ «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ Դավիթաշենում վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։ Արդեն 7 տարի շարունակ խաբված բնակիչները պարբերաբար բողոքի ակցիա են իրականացնում ինչպես պետական իշխանության մարմինների շենքերի առջև, այնպես էլ «Արցախբանկի» տարբեր մասնաճյուղերի մոտ: Պարբերաբար հնչող խոստումները տարիներ շարունակ չեն կատարվել: