Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը, որոնք համակել են ամբողջ մայրաքաղաքը, անհանգստացրել են Ռուսաստանին և առաջ բերել իրավապաշտպանների մտահոգությունը: Այս մասին գրում է International Business Times-ում գրում է վերլուծաբան Ումբերտո Բաչչին:
Հեղինակը գրում է, որ հազարավոր մարդիկ փակել են Երևանի հիմնական փողոցը՝ Մարշալ Բաղրամյան պողոտան, և արդեն 4-րդ օրն է՝ ոստիկանության և իրենց միջև աղբամաններից պատնեշ են կառուցել:
Վերլուծաբանը վկայակոչում է ցույցն ուժով ցրելու կապակցությամբ իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես Human Rights Watch-ի հնչեցրած քննադատությունը:
«Շարունակվող ցույցերն առաջ են բերել Ռուսաստանի մտահոգությունը, որը Հայաստանում ռազմաբազա ունի և որը նրա հիմնական առևտրային գործընկերն ու դաշնակիցն է»,- գրում է հեղինակը:
Նրա խոսքով՝ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը հանգիստ էր. ԱԳՆ-ն կառավարությանը կոչ արեց ցուցարարների հետ միասին ելք գտնել իրավիճակից: «Մյուս կողմից, Կրեմլի քարոզչամեքենան մեծ աղմուկ բարձրացրեց՝ ենթադրելով, որ անկարգությունները նախաձեռնվել են ԱՄՆ-ի կողմից՝ նպատակ ունենալով հետխորհրդային այս պետությունը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից»,- նշում է նա:
Ինչպես գրում է Բաչչին, բողոքի սկզբում պատգամավոր Իգոր Մորոզովը հայտարարել է, որ «ԱՄՆ դեսպանատունը ներգրավված է Երևանում տեղի ունեցող իրադարձություններում»: Այնուհետև կոնսպիրացիայի գաղափարը սկսեց զարգացնել ռուսական անգլալեզու Sputnik ռադիոկայանը՝ կասկածելով, որ գնի բարձրացումը կապ ունի հայկական հիդրոկասկադը ամերիկյան ընկերությանը վաճառելու հետ: