«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մարտուն Գրիգորյանը:
- Պարոն Գրիգորյան, Դուք հայտարարել եք, որ քվեարկելու եք նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, իսկ Գյումրիում Ձեր համախոհներին կոչ չե՞ք անելու հետևեն Ձեր օրինակին: Չէ՞ որ ասում են, թե Դուք Գյումրիում շատ համախոհներ ունեք, և խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն Ձեր շնորհիվ հաղթեց:
- Ես հստակ ասել եմ միայն իմ ընտրելու մասին: Ես սատարելու մասին բան չեմ ասել:
- Այնուամենայնիվ, Գյումրիում Ձեր ազդեցության տակ գտնվող ընտրազանգվածին կոչ չե՞ք անելու, որ Ձեր հետ միասին ընտրեն Ս. Սարգսյանին:
- Ես հավատարիմ եմ մնացել ԲՀԿ որոշմանը: Կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, նաև հայտարարել է, որ որևէ մեկին չի պաշտպանելու: Այդ որոշումը, բնականաբար, բոլորիս է վերաբերում, այդ թվում' և ինձ: Դրա համար էլ հորդորելու խնդիր չկա:
- Այդ դեպքում Դուք ինչո՞ւ եք գործող նախագահին ընտրում:
- Յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքն է, որ ում ցանկանա' նրա օգտին էլ քվեարկի:
- Իսկ եթե Ձեր կողմնակիցները Ձեզ հարցնեն, թե ում ընտրեն, չե՞ք կողմնորոշելու նրանց:
- Յուրաքանչյուր մարդու իրավունքն է, որ ում ցանկանում է' նրան էլ ընտրի: Ես այս հարցում չկամ: Բացի այդ, այսօր, իմ կարծիքով, երկրի նախագահ Ս. Սարգսյանը, մեծ հաշվով, ինչ-որ մեկի սատարելու անհրաժեշտությունը չունի: Այս ընտրություններին նա չունի նաև իմ սատարելու կարիքը:
- ԲՀԿ-ի բազմահազարանոց ընտրողները թեկնածու չունեն: Միգուցե նրանք իսկապես սպասում են, որ կուսակցությունը որևէ հայտարարություն կամ ուղղորդում կանի:
- Եթե ԲՀԿ-ն թեկնածու առաջադրեր կամ որոշեր ինչ-որ մեկին սատարել, բնականաբար այդ որոշումը բոլորիս համար կլիներ: Բայց քանի որ ԲՀԿ-ն թեկնածու չունի և որևէ մեկին էլ չի սատարելու, բնականաբար չենք կարող բազմահազար կուսակցականներին ուղղորդել, թե' գնացեք սա արեք: Եվ եթե թեկնածու չունենք, իր ցանկությամբ է կողմնորոշվելու: ԲՀԿ-ն պահանջ չի դրել, թե' այս թեկնածուին ընտրեք, սրան մի ընտրեք:
- Իսկ եթե Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը գյումրեցիներին, այդ թվում' և ձեր կուսակցության անդամներին հորդորի իր նման ընտրել Ս. Սարգսյանի՞ն: Չէ՞ որ նա արդեն հայտարարել է, որ սատարելու է գործող նախագահին:
- Կարող են լսել թե Ս. Բալասանյանին, թե մարզպետին, թե այլ մարդկանց: Ճիշտ է, ԲՀԿ-ն թեկնածու չունի, բայց այդ մարդիկ պետք է գնան ընտրությունների: Բայց չի բացառվում, որ ԲՀԿ-ականներ էլ լինեն, որոնք ընտրություններին չմասնակցեն: Այս դեպքում մենք ի՞նչ պետք է անենք, պետք է հորդորե՞նք, որ գնան ընտրություններին: Բնականաբար, այդ մարդիկ իրենց ցանկությամբ են որոշելու:
- Իսկ չե՞ք կարծում, որ այդպիսի պասիվ կեցվածքով թե ԲՀԿ-ն, թե Դուք անձամբ Գյումրիում ընտրողներ կկորցնեք:
- Ոչ, չենք կորցնելու, քանի որ այս ընտրություններին մենք չենք մասնակցելու: Եթե քաղաքապետի ընտրությունների ժամանակ ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել, ի՞նչ է, ես այն ժամանակ ընտրազանգվա՞ծ կորցրեցի: Այդպես չէ:
- Տպավորություն է ստեղծվում, որ ԲՀԿ-ն տարեվերջյան ըմբոստ, ընդդիմադիր կեցվածքը թուլացնում է, և չի բացառվում, որ նախագահական ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն կոալիցիա հրավիրի, կմիանա: Կամ միգուցե արդեն ներքին պայմանավորվածություննե՞ր են ընթանում: Չէ՞ որ ԲՀԿ-ն թեև պաշտոնապես հայտարարել է, որ որևէ թեկնածուի չի սատարելու, բայց ձեր կուսակցության բազմաթիվ առանցքային անդամներ, այդ թվում' և Դուք հայտարարել եք, որ Ս. Սարգսյանին եք պաշտպանելու:
- Նման բան կամ ներքին պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, կոալիցիա կազմել-չկազմելու մասին էլ բազմիցս խոսվել է: Մինչ օրս ինչ ասվել է' իրականությանը չի համապատասխանում:
- Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչը իրականությանը չի համապատասխանում:
- Հազարումի խնդիրներ: Թեկնածու առաջադրել-չառաջադրելու խոսակցությունները, լրատվամիջոցներով գնացող վերլուծությունները մեծ մասամբ իրականությանը չեն համապատասխանել: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, ապա գուշակելն անշնորհակալ գործ է, սպասենք զարգացումներին: