Ընտրություններում խախտումների մոնիթորինգով զբաղվող «Գոլոս» կազմակերպության 3 աշխատակիցների մոտ են գնացել խուզարկության: Խուզարկվել է «Գոլոս» կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգորի Մելքոնյանցի տունը: Այս մասին հուլիսին 7-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռամիլ Ահմեդգալիևը, հաղորդում է tvrain.ru-ն:
«Ագորա» իրավապաշտպան կազմակերպությունից փաստաբանը գրել է, որ երեքշաբթի վաղ առավոտյան խուզարկության են գնացել Մելքոնյանցի մոտ: Խուզարկության են գնացել նաև «Գոլոս» միջազգային միավորման գործադիր տնօրեն Տատյանա Տրոյնովայի և «Գոլոս» շարժման անդամ Ռոման Ուդոթի տուն:
«20 րոպե առաջ խուզարկության են գնացել Գրիշա Մելքոնյանցի տուն «Գոլոս-Սամարայի» հարկային գործով: Միաժամանակ խուզարկում են Տատյանա Տրոյնովայի տունը: Սամարայի այդ գործը երկու հիմունքով ենթակա է համաներման, բայց գործը մինչև հիմա չեն դադարեցրել: Այսպիսի բաներ»,- գրել է փաստաբանը:
Փաստաբան Օլգա Գդեզդիլովան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գրիգորի Մելքոնյանցից բռնագրավել են ամբողջ տեխնիկան:
Փաստաբանը հայտնել է, որ խուզարկությունները կատարվում են հարկերի չվճարման վերաբերյալ գործի առնչությամբ: Այն հարուցվել է 2015 թ. փետրվարի սկզբին Սամարայում «Գոլոսի» ղեկավար Լյուդմիլա Կուզմինայի դեմ: Մարտին Կուզմինայի ունեցվածքը կալանքի տակ են վերցրել Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի հայտի համաձայն: