Գերմանիայում սկսվել է դատավարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական Թահա Գերգելիօղլուի նկատմամբ, ում գերմանական կողմը համարում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) լրտես:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Focus հանդեսը, որը նշել է, որ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի կողմից Քյոլնի թուրքական մզկիթում ծառայության նշանակված Թահա Գերգերլիօղլուն Գերմանիայում MIT-ի լրտեսական ցանց է ստեղծել:

 

 

Ըստ հանդեսի' Էրդողանի նախկին խորհրդականը գլխավորել է Թուրքիայի օգտին լրտեսության համար դատվող երեք անձանց մասնակցությամբ լրտեսական ցանցը, որի նպատակը գերմանական դատական համակարգը Էրդողանի կողմից «հսկողության տակ» առնելն է:

 

 

«Էրդողանն իր ընդիմադիրների դեմ չմտածված լրտեսություն է կատարում Գերմանիայի կենտրոնում» վերնագրով հոդվածում ասվում է, որ Ֆիդանին զեկուցող Գերմանիայում գտնվող լրտեսական դիվանագիտական ներկայացուցչություններին զուգահեռ' նույն գործով են զբաղված նաև թուրքական ընկերությունները, թերթերը, բանկերը, մզկիթները և հյուրանոցները:

 

 

«Ֆիդանը Քյոլնի Եհրենֆելդի մզկիթը դարձրել է MIT-ի բազա: MIT-ը Գերմանիայում թուրքական մզկիթներից պահանջում է զեկույցներ ներկայացնել Էրդողանի ընդդիմադիրների մասին: Էրդողանին հավատարիմ թուրք ազգայնականները պատրաստ են հաշվեհարդար տեսնել նրանց հետ: MIT-ին օգնել ցանկացող երիտասարդ թուրքերը ազատվում են Թուրքիայում զինծառայությունից և լրտեսության ուղարկվում Գերմանիա», -գրում է հանդեսը' նշելով, որ Գերմանիայում Էրդողանի «ստվերային մարտիկ-լրտեսի բացահայտումը շատ ծանր կնստի Ֆիդանի հեղինակության վրա Թուրքիայում»: