21.20
Հանրահավաքն ավարտվեց, բայց երթը տեղի չունեցավ: Ակտիվիստները երթ կկազմակերպեն միայն այն ժամանակ, երբ քաղաքապետարանից թույլտվություն ստանան:
21.17
Իր ելույթի վերջում Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։
21.15
Անահիտ Բախշյանը խնդրեց Դավիթ Սանասարյանին և մյուս հացադուլ հայտարարած քաղաքացիներին դադարեցնել հացադուլը. «Ես մեղավոր եմ ինձ զգում, որ դուք հացադուլ եք հայտարարում, խնդրո’ւմ եմ, լսեք մեծերին»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ այդ տղաներն իրենց ուժեղ են հարկավոր, որպեսզի կարողանան առաջնորդել հանրահավաքները:
Դավիթ Սանասարյանն այդ ընթացքում մոտեցավ խոսափողին և ասաց. «խնդրում եմ, ինձ նման բան մի խնդրեք»: Այդ խոսքի վրա հավաքվածները բացականչեցին՝ «Պահանջում ենք»:
20.35
Թեև ակներև էր հացադուլ հայտարարած ակտիվիստ Դավիթ Սանասարյանի առողջական վատ վիճակը, բայց նա ողջունեց հավաքվածներին և ելույթ ունեցավ Ազատության հրապարակում: Նա նկատեց, թե ինչքան մեթ թիվ են կազմում հրապարակում ոստիկանները, դրանից ակտիվիստը ենթադրում է, որ ոստիկանները նրանց մեջ ուժ են տեսնում: «ՀՀ-ի արժանապատի’վ քաղաքացիներ, մեր պայքարը ունենալու է շարունակություն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին իր երկրում չի գտնում արդարություն, քանի դեռ քաղաքացու շահը անտեսվող որոշում է կայացվում, քանի դեռ ենթարկվում ենք ոստիկանական բռնությունների»- իր ելույթում ասաց Սանասարյանը:
Նրա խոսքով, եթե այսօր հանրությունը չսթափվի ու դուրս չգա փողոց, կդատարկվի արդեն իսկ դատարկված երկիրը:
Ակտիվիստը նաև հռետորական հարց բարձրացրեց. «արդյոք Սերժ Սարգսյանը չի՞ կանխատեսում աուդիտի պատասխանը»:
Նա խնդրեց նաև, որ հավաքվածները չխանգարեն իր ելույթին, քանի որ արդեն էներգիա չունի և իրեն այդքան էլ լավ չի զգում:
20.30
Քաղաքացիներից մեկը հարթակից արտասանեց Հովհաննես Շիրազի «Հին աշխարհը չեմ տեսել» բանաստեղծությունը:
20.25
«Միացու’մ, միացու’մ»,- բացականչում են հավաքված քաղաքացիները:
20.00
Վալերի Օսիպյանը հորդորում է ակցիայի նախաձեռնողներին մնալ Ազատության հրապարակում եւ ժողովրդին չտանել արհեստական բախման՝ երթի:
19.30
Վալերի Օսիպյանը կարծում է, որ ոստիկանության ուժերի թիվը Ազատության հրապարակում համաչափ է:
Երևանի փոխոստիկանապետը նշեց նաև, որ կազմակերպված հանրահավաքը և նախատեսված երթն անօրինական են:
19.00
Այսօր, ժամը‘ 19.00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիները: Թեպետ դեռ հրապարակը մարդաշատ չէ, բայց բավականին մեծ թիվ են կազմում ուժային կառույցների աշխատակիցները:
13.20
Դավիթ Սանասարյանը ասուլիս է հրավիրել:
09.53
Դավիթ Սանասարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բարի լույս բոլորին,
հուսով եմ լավ եք և երեկոյան 19:00-ին կհանդիպենք Ազատության հրապարակում:
Քիչ առաջ բժիշկներն այցելեցին ինձ, արյան ճնշումս ստուգեցին և պարզվեց, որ երեկվանից լավ եմ:
Լավ եղեք, պինդ եղեք մի վհատվեք և եկեք պայքարենք: Հայաստանում իրավիճակ ու մթնոլորտ ենք փոխելու, չկասկածեք...
Մինչ հանդիպում»:
09.22
Դավիթ Սանասարյան և և մի քանի երիտասարդներ Ազատության հրապարակում շարունակում են իրենց անժամկետ հացադուլը:
Նշենք, որ ըստ Սանասարյանի, հացադուլն ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ՝ հանրությանը: Այս կերպ ակտիվիստը փորձում է ուշադրություն հրավիրել խնդրի վրա, որպեսզի մարդիկ գան Ազատության հրապարակ:
Դավիթ Սանասարյանը կոչ է արել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին միանալ այսօր Ազատության հրապարակում կայանալիք հավաքին: