Սահմանադրության 1-7 գլուխների նախնական տարբերակով առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: «Արմենպրես»-իփոխանցմամբ, նախնական տարբերակով՝ եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կու սակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները:
Միաժամանակ, սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: Առաջարկների 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու ան գամից ավել անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։
Նախնական տարբերակով առաջարկվում է նաև, որ նախագահն ընտրվի Ընտրիչների ժողովի կողմից, ոչ թե քաղաքացիների կողմից ուղիղ քվեարկությամբ։ Ընդ որում, Ընտրիչների ժողովը կազմված պետք է լինի Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: Նախատեսվում է, որ Ընտրիչների ժողովը գումարվելու է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:
Կառավարության ու նրա գործառույթների սահմանման գլխով սահմանվում է, որ կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որն իր ծրագրի հիման վրա մշակելու և իրականացնելու է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը: Կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետերից ու նախարարներից: Նախնական տարբերակով՝ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո' եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում ԱԺ ընտրությունն երում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին: Միաժամանակ, նախատեսվում է, որ նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը: Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո' յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների կողմից առաջարկված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Հանրապետության նախագահն Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ: