Ստեփան Սարգսյանի մրցաշարի արդյունքներն գոհացուցիչ են ինձ համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

«Ստեփան Սարգսյանի մրցաշարի արդյունքները գոհացուցիչ են ինձ համար: Երկար ժամանակ է, որ երեք չեմպիոն չենք ունեցել մեկ մրցաշարում: Տղաների մոտ առաջընթացն ակնհայտ է, նկատում եմ՝ Եվրոպական խաղերից հետո հավատն է վերականգնվել: Կարևորը նաև այն է, որ մրցաշարն անցավ առանց լուրջ վնասվածքների: Հոբելյանական մրցաշարը կարող եմ կայացած համարել, և այն հուսադրում է աշխարհի առաջնությունից առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդադյանը:

Խոսելով մրցաշարի մասին՝ մարզիչը հավելեց.

«Որոշակիորեն հույսերս չարդարացրեց Գարիկ Բարսեղյանը, ով պետք է գոնե եզրափակիչ հասներ, սակայն կիսաեզրափակչում լավ չմասնակցեց: Նա, սակայն, բրոնզե մեդալի համար պայքարում գերազանց մասնակցություն ունեցավ: Դավիթ Սաֆարյանը մոտ երկու տարվա դադարից հետո կրկին մեդալ նվաճեց: Սա նրա համար առաջընթաց է: Մեր բոլոր մարզիկներն այս մրցաշարում գոտեմարտել են 60-70%-ով: Դեռ զարգանալու տեղ ունեն»:

Անդրադառնալով աշխարհի առաջնությանը՝ մարզիչը նշեց, որ առաջնությանը մասնակցող ըմբիշների կազմը կհայտարարվի միայն Բորժոմում անցկացվելիք ուսումնամարզական հավաքից հետո և կազմում հիմնականում կլինեն Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողները և մեդալակիրները:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Լաս Վեգասում, սեպտեմբերի 7-12-ը: