Աղանդավորական շատ կառույցներ, երիտասարդության հետ ակտիվ աշխատանք իրականացնելով, մատուցում են նաև ճամբարային ծառայություններ, որտեղ երեխաներին քարոզ են կարդում: Նման ճամբարներին մասնակցության արժեքը բավականին մատչելի է, այդ իսկ պատճառով շատ ծնողներ երեխաներին ուղարկում են այդտեղ՝ առանց ճշտելու դրանց կազմակերպիչ կազմակերպությունների ինքնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

 

 

«Ծնողները երեխաներին էժան գնի համար ուղարկում են ճամբար, սակայն նրանց վերադառնալուն պես հասկանում են, որ երեխային ներգրավել են աղանդավորական կազմակերպության մեջ: Բացի ամառային ճամբարներից օրինակ «Կյանքի խոսք» եկեղեցին ունի նաև ձմեռային ճամբար: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ հանրապետությունում կազմակերպվող ճամբարները հսկվեն պետության կողմից: Ներգրավվելով աղանդավորական կառույցների մեջ՝ մարդը կորցնումէ ընտրություն կատարելու կամքն ու տեղեկացված լինելու իրավունք», - նշեց Ալեքսանդր Ամարյանը:

 

 

Նա շեշտեց, որ Հայաստանում գործող բոլոր խարիզմատիկ եկեղեցիները կենտրոնացած են երիտասարդության վրա, քանի որ վերջիններիս վրա հեշտ է ներազդել, իսկ այնուհետ նրանց կառավարել:

 

 

«Երկու-երեք տարի առաջ մասսայական կրոնական կառույցները որոշեցին, որ իրենց քարոզների թիրախը պետք է լինի երիտասարդությունը, դա և' ընտրության համար է լավ, և' հեղափոխության դեպքում, ինչպես ցույց տվեցին Վրաստանի և Ուկրաինայի դեպքերը: Չեմ ցանկանա վարկաբեկել «Ոչ թալանին» շարժման մասնակից և ղեկավար երեխաներին, սակայն այդ շարժման մեջ ակտիվորեն ներթափանցել էին նաև կրոնական աղանդների ներկայացուցիչները»,- նկատեց Ալեքսանդր Ամարյանը:

 

 

Խոսելով երեխաների հոգևորսության ապօրինի լինելու մասին՝ Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրեց, որ մինչև 18 տարեկան երեխաներին օրենքով արգելված է ներգրավել հոգևոր ծիսակատարությունների մեջ, եթե չկա երկու ծնողների համաձայնությունը: Հետևաբար, եթե ծնողներն առանց իմացության երեխային ուղարկում են կրոնական ճամբար, ապա այդ դեպքում ծնողները կարող են դատի տալ ճամբարի կազմակերպիչներին «Սպառողների մասին օրենքի խաբեության մասին» օրենքի համապատասխան կետի խախտման համար: