Հեղափոխություն բառը Լեւոն Տեր-Պետրոսյանն իր բառապաշարից վաղուց էր մերժել՝ դեռեւս 2009 կամ 2010 թվականից: Դրանից հետո սակայն, ՀԱԿ-ի «բառապաշարը» մեղմ ասած անորոշ էր: Հայտարարելով կուսակցականության մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի մարտահրավեր է նետում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Ոչ այն պատճառով, որ ԲՀԿ-ն եւս սոցիալ-լիբերալ գաղափարախոսության կրող է: Ավելի շուտ հայտնի կդառնան Պարույր Հայրիկյանի վրա կրակողն ու պատվիրատուն, քան հստակ կլինի ԲՀԿ-ի գաղափարախոսությունը:
Տեր-Պետրոսյանը պարզապես ներկայացնում է «երկրորդ ուժի» հայտ, հետեւելով, թե ինչպես է այդ կարգավիճակից գահավիժում Բարգավաճ Հայաստանը: Ավելին, Տեր-Պետրոսյանը կարծես թե օգնեց այդ գահավիժման գործընթացին՝ գեներացնելով Գագիկ Ծառուկյանի «փրկչի» կերպարը: Տեր-Պետրոսյանը Ծառուկյանի հետ որոշակիորեն երկակի պարտիա խաղարկեց: Եթե ստացվեր դաշինքով գնալ ընտրության, ապա լավ, իսկ եթե ոչ, ապա գեներացնելով Ծառուկյանի կերպարը որպես «փրկիչ», այսինքն հնարավորինս վեր բարձրացնելով Ծառուկյանին, Տեր-Պետրոսյանը փաստորեն ապահովելու էր նրա ավելի բարձրից եւ հեռու գահավիժելը:
ԲՀԿ-ի հետ ներկայում հենց այդ էլ տեղի է ունենում: Միեւնույն ժամանակ, ԲՀԿ-ն ժամանակի ընթացքում անցանկալի սուբյեկտ կարող է դառնալ նաեւ Սերժ Սարգսյանի համար, քանի որ դրանում պարունակվում են ներիշխանական հեղաշրջման որոշակի բացիլներ: ԲՀԿ-ն կամ պետք է տրոհվի, կամ միանա ՀՀԿ-ին, ինչը հեռանկարային իմաստով նույն բանն է:
ԲՀԿ-ից ակնհայտորեն հրաժարվում են նաեւ արտաքին գործընկերները, հասկանալով, որ դա ամենեւին այն ուժը չէ, որը կարող է համարժեք լինել ներքին ու արտաքին նոր իրողություններին, նոր պահանջներին եւ համաշխարհային տրանսֆորմացիաների բովում գտնվող Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին:
Այդ պայմաններում, Տեր-Պետրոսյանի կուսակցական հայտը պատահական չէ, քանի որ հայաստանյան քաղաքական օրակարգում ավելի ու ավելի արդիական է դառնում երկրորդ կուսակցության խնդիրը, որն արդեն մի քանի տարի է փորձում է որոշակի հիմնարարությամբ լուծել Արեւմուտքը՝ Հայաստանում փոխադարձ հակակշիռների մեխանիզմի միջոցով քաղաքական եւ տնտեսական էվոլյուցիա ապահովելու համար: Դա իհարկե մեղմ ասած դժվար է Հայաստանի վերափոխման ամենաարդյունավետ ճանապարհ համարելը, բայց Արեւմուտքի զինանոցում դա թերեւս առավելագույնն է՝ նկատի ունենալով Ռուսաստանի կոշտ հակազդեցության պատրաստակամությունը որեւէ ավելի կտրուկ մեթոդի կիրառման պարագայում:
Ներկայում «երկրորդ ուժի» հավակնորդների շրջանակը բավական լայն է: Այդ շրջանակը հնարավոր է բաժանել թերեւս չորս կատեգորիայի: Առաջինը, որքան էլ տարօրինակ հնչի, հենց իշխանության ներսում է: Այստեղ կա շահերի լուրջ բախում, որն արտահայտվում է նաեւ որոշակի աշխարհայացքային եւ արժեհամակարգային տարբերություններով: Մեծ է հավանականությունը, որ հենց իշխանության մեջ էլ ձեւավորվի «երկրորդ ուժը», եւ ինչպես մինչ այժմ, դրանից հետո էլ իրավիճակն առաջ շարժվի ներիշխանական հակադրության մեխանիզմով: Մինչ այժմ դրա արդյունավետությունը եղել է առավելապես կոսմետիկ, սակայն 2017-18 թվականներին ընդառաջ պատկերը կարող է փոխվել, քանի որ արդեն դրված է իշխանության շատ ավելի շոշափելի խնդիր՝ նախագահի պաշտոնի փոխանցում կամ վերացում: Դա ենթադրում է իշխանության ներսում նոր, պայմանական «ԲՀԿ»-ի ձեւավորում:
Երկրորդ կատեգորիայում, փորձում է իր տեղի համար պայքարել ԲՀԿ-ն, որը սակայն կատարելով մի շարք սխալներ, հայտնվել է գրեթե անհույս վիճակում, եւ հայտ է ներկայացնում Տեր-Պետրոսյանը, տեսնելով, թե ինչպես են «երկրորդ ուժի» հավակնորդների շարքում փորձում տեղավորվել Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը՝ միասին, թե առանձին:
Իհարկե, պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում որոշակի մանեւր է փորձում անել Ռուսաստանից դեպի Արեւմուտք: Նա Հայաստանի համար գուժում է անկախության կորուստ եւ Ռուսաստանի կազմ, իսկ իր կուսակցությունը նկարագրում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության օրինակով եւ տալիս երկու առանցքային դեմքերի՝ Քլինթոնի եւ Օբամայի անունները, նաեւ խոսում այն մասին, որ Արեւմուտքը Կովկասի հարցում չունի հստակ ռազմավարություն: Այդ կերպ, Տեր-Պետրոսյանը կարծես թե նաեւ փորձում է արդարացնել այն «ռուսական գիծը», որի մեջ տեղավորվել էր ԲՀԿ-ի հետ միասին: ՀԱԿ առաջնորդը կարծես թե Արեւմուտքին ակնարկում է, որ իր «ռուսական գիծն» ընդամենը Կովկասում Արեւմուտքի ոչ հստակ «գծի» հետեւանք էր:
Ի՞նչ կանի այս դեպքում Բարգավաճ Հայաստանը: Ու՞մ կմիանա՝ ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին, նախագահի «պատվավոր» թեկնածուներից որեւէ մեկին, թե՞ ինքն էլ կհայտարարի կուսակցություն դառնալու մասին: