Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի՝ թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ դեռևս ուսումնասիրվում են պայթյունի պատճառները, իսկ ներկայումս գազատարով բնական գազի հոսքը դադարեցված է:

 

Օրերս պայթեցվել էին Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա, ինչպես նաև Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը: Երկու պայթյունների պատասխանատու էին հայտարարվել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: