Իրանը և ԱՄՆ-ը երկու ամիս հետո կարող են համատեղ առևտրական պալատ հիմնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իրանական Press TV հեռուստաալիքին, ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել է դրա համար անհրաժեշտ միջոցները:
«Իրանական օրենքների համաձայն՝ համատեղ իրանա-ամերիկյան առևտրական պալատը կարող է ստեղծվել երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ում համանման կազմակերպության հիմնումից հետո,- հեռուստաալիքը մեջբերել է Իրանի առևտրական պալատի նախագահ Մոսհեն Ջալալփուրի խոսքը:- Դրա համար չի պահանջվի Իրանի կառավարության թույլտվությունը, քանի որ նա չի նախաձեռնել սույն գործընթացը»:
Press TV-ի տվյալներով՝ համատեղ պալատի հիմնման հարցը Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարող է արծարծել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, որ սեպտեմբերին պլանավորված է Նյու Յորքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: