Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին միջազգային հանրակցությանը կոչ Է արել ամբողջովին հրաժարվել միջուկային զենքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքը, երբեք չես իմանա՝ ով կդառնա նրա զոհը»,-ընդգծել Է նա՝ 70 տարի առաջ տեղի ունեցած ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողությանն ընթերցելով Խաղաղության հռչակագիրը: «Անսացեք մեր ձայնին եւ այդ մասին մտածեք ամենայն լրջությամբ»,-հավելել Է նա:
Մացուին հերթական անգամ ԱՄՆ-ի նախագահին հրավիրել Է այցելել քաղաք եւ անձամբ շփվել այդ ահավոր ողբերգությունը վերապրած մարդկանց հետ: «Այցելեք Հիրոսիմա, լսեք այն մարդկանց պատմությունը, ով ողջ Է մնացել»,-ընդգծել Է նա:
Հիրոսիմայի քաղաքապետը նաեւ հիշեցրել Է, որ այն ռմբակոծության արդյունքում զոհվել են ոչ միայն տեղի բնակիչներ, այլեւ «Կորեական թերակղզու, Չինաստանի, ամբողջ ասիական տարածաշրջանի բնակիչներ եւ ամերիկացի ռազմագերիներ»:
Ինչպես արդեն հաղորդվել Է, օգոստոսի 6-ին Ճապոնիայում տեղի Է ունեցել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցի հիշատակին նվիրված սգո արարողություն: Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:15-ին)՝ 1945 վականի օգոստոսի 6-ին ռումբի պայթյունի ստույգ պահին, Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգում հայտարարվել Է լռության րոպե, որի համրանքը կատարվել Է Խաղաղության զանգի հարվածներով: Զոհվածների հիշատակը հարգել Է ավելի քան 55 հազար մարդ, որոնց թվում եղել են ճապոնացի քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ պատվիրակություններ 100 երկրներից:
Ելույթ ունենալով սգո արարողության ժամանակ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերին կայանալիք 70-րդ նստաշրջանում նոր բանաձեւի նախագիծ ներկայացնելու մտադրության մասին, որը միջուկային զինաթափման կոչ Է անում:
Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Կիմ Վոն Սուն ընթերցել Է Պան Գի Մունի ուղերձը, որում նա նշել Է միջուկային զենքի վերացման կարեւորությունը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Էնոլա Գեյ» B-29 ռազմավարական ռմբակոծիչը 1945 թվականի օգոստոսի 6-ին աշխարհում առաջին ատոմային ռումբը նետել Է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա: Պայթյունի հետեւանքով զոհվել Է 140 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: