Մերգելյան ինստիտուտն այսօր լեփ-լեցում էր. արաբկիրցիների հետ էր հանդիպում Սերժ Սարգսյանը: Ներկաներին Սերժ Սարգսյանի ժամանելուց առաջ բաժանվել էին ՀՀԿ դրոշակներ և շարֆեր: Արաբկիրի բնակիչները Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ստիպված էին նախատեսվածից երկար սպասել, քանի որ մարդկանց ներս մտնել թույլ էին տալիս միայն առանձին- առանձին:
«Հունվարի 31-ի կրակոցները կարող էին ամեն ինչ տակնուվրա անել, բայց փառք Աստծո, որ այդպես չեղավ, և ընտրությունները վերադարձան բնական հուն»,- արաբկիրցիների հետ հանդիպմանն ասաց Սերժ Սարգսյանը:
Նա համաձայն չէ, այն մտքի հետ, թե իբր հանրությունն այս ընտրություններում կրավորական դիրքորոշում ունի: «Այսպիսի կարծիքները կամ հեռու են իրականությունից, կամ չարամիտ դրսևորում են», - ասաց Սերժ Սարգսյանը: Ըստ նրա'ընտրությունները չպետք է վերածվեն կենաց և մահու պայքարի. «Յուրաքանչյուր թեկնածու պետք է հստակորեն գիտակցի, որ ընտրություններն իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը չի, դրանով աշխարհը չիչ վերջանում»:
Սերժ Սարգսյանն այսօր արաբկիրցիների հետ հանդիպմանը խոսեց նաև իշխանությունների գործունեությունը քննադատողների մասին, որը, նրա խոսքերից դատելով, վերաբերում էր իր մրցակիցներին. «Երազ են տեսել, որ առանց նախընտրական քարոզչության կարող են նախագահ դառնալ, և որոշել են գնալ ու նախագահ դառնալ»:
Նա նշեց, թե նախագահական ընտրությունները ամբողջ գործընթացի եզրափակիչ փուլն են, որը սկսում է թիմ և կուսակցություն ձևավորելուց: «Մենակ մարդը ո՞նց կարող է նախագահ դառնալ: Եթե քաղաքական ուժը նույնիսկ հնարավորություն չունի ընտրատեղամասերում իր տերկայացուցիչն ունենալու, այդպիսի քաղաքական ուժը ո՞նց կարող է ակնկալել, որ ինքը կարող է նախագահ դառնալ»,- արաբկիրցիներին հարց ուղղեց Սերժ Սարգսյանը: