Սիրիայի հատուկ ծառայության ուժերը ձերբակալել են Սուլեյման Հիլալ ալ Ասադին, ով նախագահ Բաշար ալ Ասադի բարեկամներից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խադար Սալիմը նշել է, որ նա ձերբակալվել է օգոստոսի 10-ի երեկոյան' ժամը 9-ին, Լաթաքիայի շրջանի ագարակներից մեկում: Սուլեյման Հիլալ ալ Ասադը մեղադրվում է սիրիական բանակի սպայի սպանության մեջ:

 

Արաբական այլ աղբյուրների տեղեկացմամբ' Սուլեյման Հիլալ ալ Ասադը դժգոհել է սիրիական բանակի սպա Հասան աշ Շեյխից, ով հրաժարվել է առաջ թողնել նրա մեքենան: Նա բարեկամների աչքի առաջ կրակել է սպայի վրա: Դեպքից հետո Լաթաքիայում բնակիչները հանրահավաք են կազմակերպել՝ պահանջելով նրան պատասխանատվության ենթարկել:

 

Տեղեկություններ են հաղորդում, որ Սուլեյման Ասադի հայրը՝ Հիլալ Ասադը, Լաթաքիայում սիրիական ուժերի ղեկավարն էր, ով զոհվել էր 2014թ.-ին ահաբեկչական խմբավորումների կողմից Քեսաբի վրա հարձակվելու ժամանակ: