Նախընտրական քարոզչության երկու շաբաթների ընթացքում եթերաժամանակի ծավալով առաջին տեղում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ինչը բացատրվում է նրա նկատմամբ կատարված մահափորձով: «Երեք օրերի ընթացքում' փետրվարի 1-3-ը, Պարույր Հայրիկյանը ստացավ իր բոլոր անդրադարձերի կեսը, և եթերի ծավալի 2/3-ը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ըստ հունվարի 14-ից փետրվարի 3-ը կատարած մշտադիտարկման արդյունքների՝ նախընտրական քարոզչությանը նախորդած վերջին շաբաթում առավել ծավալուն լուսաբանման են արժանացել գործող նախագահ Սերժ Սարգսյանը և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այլ պատկեր է սկսված հունվարի 21-ից, նախընտրական քարոզչության ընթացքում գործող կուսակցության ներկայացուցիչները իրենց հրապարակային գործունեությունը սահմանափակել են, և Սերժ Սարգսյանի լուսաբանումը՝ որպես նախագահի, կտրուկ իջել է և հիմնականում լուսաբանվում է որպես թեկնածու և հավասար է լուսաբանվում այլ թեկնածուների հետ, և եթերով երրորդ տեղում է' զիջելով Պարույր Հայրիկյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2013 թվականի նախագահական ընտրությունների լուսաբանման հետազոտության օբյեկտ են 6 համազգային հեռուստաալիքներ' Հանրային հեռուստատեսություն, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Շանթ», մեկ մայրաքաղաքային հեռուստաալիք' «Արմնյուզ», ինչպես նաև Հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:

«Նախագահական մրցավազքին առավել մեծ ուշադրություն են դարձրել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը և «Արմռադիոն»: Նրանցից զգալիորեն հետ են մնում «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաալիքները, ինչը կարող է վկայել ներկայիս ընտրությունների նկատմամբ այդ հեռուստաալիքների սեփականատերերի հետաքրքրության նվազման մասին»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Ուշադրությունը սևեռվել է գրանցված ութ թեկնածուների գործունեությանը, թե ինչպես է ներկայացվել, խտրականություն կամ բացահայտ կողմնակալ վերաբերմունք դրսևորվե՞լ է:

Ինչպես ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը, լուսաբանման հետ կապված դժգոհությունները պարզելու համար զրուցել են նաև շտաբերի ներկայացուցիչների հետ:

«Արտահայտված վերաբերմունք դրսևորվեց միայն գործող նախագահի նկատմամբ' դրականը, կարճ հարցումների ընթացքում թեկնածուների վերաբերյալ, իսկ բացասական' հաղորդման հրավիրված հյուրերի արտահայտած կարծիքներն են, մնացած թեկնածուների վերաբերյալ այդ արձագանքները շատ քիչ են»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Ըստ հետազոտության արդյունքների հեռուստաընկերությունների նախընտրական քարոզչության լուսաբանման հիմնական թերությունը կարծիքների բախման և բանավեճերի պակասն է:

«Դա ավանդական խնդիր է մեր ընտրարշավների համար: Գովազդային հոլովակներ, հանդիպումները ընտրողների հետ, հարցազրույցները... բոլոր ասելիքները հիմնականում նույն են և բովանդակային տարբերություն չկա»,- ասաց նա։