Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում օգոստոսի 20-ին ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների հետեւանքով 27-ամյա Բահրուզ Հաջիեւի զոհվելու կապակցությամբ ցուցարարների եւ քաղաք մտցված ներքին զորքերի բախումներում 4 ոստիկան վիրավորվել, 21 մարդ ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրենդ»-ը, քաղաքի բնակչությունն իշխանությունների դեմ ընդվզումն սկսել է զոհվածի հուղարկավորությունից հետո: Հարյուրավոր մարդիկ գերեզմանոցից անմիջապես գնացել են ոստիկանական բաժանմունք' միջադեպի կապակցությամբ իրեբնց բողոքը հայտնելու համար: Իշխանությունները ներքին զորքեր են մտցրել քաղաք: Ցուցարարների եւ իրավապահ մարմինների միջեւ բախումներ են սկսվել: Բախումների ժամանակ ցուցարարները ջարդել են ոստիկանական ավտոմեքենան: Ոստիկանությունը ցուցարարներին ծեծի է ենթարկել մահակներով:
Այդ առնչությամբ Ադրբեջւանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանությունն ամեն ջանք գորադրելու է քաղաքում հասարակական կարգը խախտողներին պատժելու եւ կարգ ու կանոնը վերակագնելու համար:
Բացի այդ, ՆԳՆ-ն հայտնել է, որ Բահրուզ Հաջիեւը ոստիկանություն հարցաքննության է տարվել «թմրանյութերի առեւտրի եւ օգտագործման կասկածանքով», եւ հարցաքննության ժամամակ «նա հանկարածակի դուրս է նետվել շենքի պատուհանից եւ տեղում մահացել»:
Սակայն, զոհվածի հարազատները հայտարարում են, որ Բահրուզ Հաջիեւը սպանվել է խոշտանգումների հետեւանքով եւ, որպես դրա ապացույց, բերում են զոհվածի խոշտանգված մարմնի դիարանում արված լուսանկարները, որոնք հրապարակել են նաեւ ադրբեջանական մամուլում: