Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, երկրի քաղաքացիներին շնորհավորելով Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձի կապակցությամբ, կոչ է արել ամբողջ աշխարհին՝ «միասնական ճակատով» հանդես գալ Ռուսաստանի դեմ, որը, Ուկրաինայի իշխանությունների կարծիքով, չհայտարարված «հիբրիդային» պատերազմ է սկսել Կիևի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին հաղորդել է հանրապետության նախագահի վարչակազմը:
«Երկրորդ աշխարհամարտի արյունալի դասերը չպետք է ապարդյուն անցնեն: Ագրեսորին կարելի է կանգնեցնել միայն միավորված ջանքերով, ինչպես դա եղավ 70 տարի առաջ… Հենց դրա համար էլ այսօր, նշելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-րդ տարեդարձը և հիշատակի տուրքը մատուցելով տասնյակ միլիոնավոր զոհվածներին, մենք դիմում ենք ազատ աշխարհի բոլոր ժողովուրդներին՝ վճռականորեն միասնական ճակատով հանդես գալ ռուս ագրեսորի դեմ, որը չհայտարարված «հիբրիդային» պատերազմ է սկսել ինքնիշխան Ուկրաինայի դեմ», ասել է Պորոշենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: