Յուրա Մովսիսյանը գոլի վարպետ է, իսկ Հենրիխ Մխիթարյանը կարող է ցանկացած իրավիճակում որակ հաղորդել խաղին, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Թոմաս Դելանին:

Այն հարցին, թե ումից են զգուշանալու վաղը կայանալիք խաղում, Դելանին նշեց.

«Մրցակցի խաղացողներից շատ լավ գիտենք Յուրա Մովսիսյանին, որովհետև խաղացել է Դանիայի առաջնությունում և գոլ է հեղինակել մեր դեմ խաղում: Նա գոլի վարպետ է: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա ընդհանրապես կապ չունի, թե որ դիրքում է նա խաղում: Գիտենք, որ նա կարող է ցանկացած իրավիճակում որակ հաղորդել խաղին և վճռել խաղի ելքը: Չպետք է թույլ տանք, որ Հայաստանի հավաքականն անկաշկանդ գործի: Եթե վաղը շանս ստանամ՝ կձգտեմ ամեն ինչ անել՝ լավ խաղ ցուցադրելու համար»:

Ասուլիսին ներկա Յակուբ Պոլսենն էլ հավելեց. «Հայաստանի հավաքականին չպետք է թույլ տանք առաջ նետվել: Ալբանիայի դեմ խաղում ստանդարտները հաջող չէի իրացնում: Հուսով եմ՝ Հայաստանի դեմ խաղում ավելի լավ կիրացնեմ»,- հավելեց Պոլսենը: