ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա ընդունվելիք օրենսգրքի նպատակներն են ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ապահովել քրեական օրենսդրության համապատասխանությունը հանցավորության զարգացման ժամանակակից միտումներին և քրեական ապառնալիքներին:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը նշեց, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով իրավաբանական անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվելու: «ՀՀ-ում ներկա պահին իրավաբանական անձանց համար նախատեսված չէ ո’չ վարչական, ո’չ քրեական պատասխանատվություն: Օրինակ' Գերմանիայում իրավաբանական անձանց համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, սակայն այնտեղ էլ է անցում է կատարվում քրեական պատասխանատվությանը:

 

Ես համոզված եմ, որ նման ինստիտուտի ներդրումը առավել կնպաստի Հայաստանում հանցավորության դեմ պայքարին: Բացի այդ' միջազգային կազմակերպությունների տարբեր զեկույցներում բազմաթիվ անգամ խորհուրդ է տրվել մեզ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել քրեական պատասխանատվություն»,- նշեց նա' հույս հայտնելով, որ իրենք կկարողանան ներկայացնել ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագիծը Ազգային ժողովի դատին առնվազն առաջիկա նստաշրջանի վերջում, սակայն չի բացառվում, որ դա կարող է տեղի ունենալ նաև հաջորդ տարի:

Իր հերթին Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը նկատեց, որ իրավաբանական անձանց քրեական պատսխանատվության ենթարկելու հարցը աշխատանքային խմբի լուծելիք հարցը չէ: «Որոշակի հանգմանքներից ելնելով' ես կողմ չէի, որ այս հարցը քննարկվեր աշխատանքայն խմբի շրջանակներում, քանի որ իմ կարծիքով սա ավելի շատ քաղաքական որոշման խնդիր է, որը պետք է լուծվի ՀՀ Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ»,-ընդգծեց նա:

 

ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունիսի 4-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգին: Նոր հայեցակարգով կբարձրանա մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության մակարդակը, կբացառվեն հանցագործությունների որակման կանոնների սահմանման և հանցակազմերի հստակ ձևակերպման միջոցով քրեաիրավական նորմերի սխալ կիրառումը, դատական սխալները, կբարձրանա պատժի նշանակման կանոնների սահմանմամբ' պատժի արդյունավետության մակարդակը:

 

Միաժամանակ, այլընտրանքային պատժատեսակների ցանկի ընդլայնմամբ' ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների նշանակման ծավալներն էականորեն կնվազեն, կկատարելագործվեն քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտները, կստեղծվեն հանցանք կատարած անձի ուղղման և վերասոցիալականացման նպատակի իրագործման արդյունավետության նախադրյալներ:

 

Բացի այդ, հայեցակարգը կնպաստի նաև քրեական օրենսդրության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը: