Ֆրանսիայի նախկին նախագահ եւ «Հանրապետականներ» կուսակցության ներկայիս առաջնորդ Նիկոլա Սարկոզին անհրաժեշտ է համարում Ռուսաստանին ներգրավել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել է սեպտեմբերի 10-ին Figaro թերթում հրապարակված հարցազրույցում:

 

«Արեւմուտքը լուրջ սխալ է թույլ տվել, որը դրսեւորվեց Ռուսաստանի դեմ նոր «սառը պատերազմ» սկսելու փորձում: Այսօր Ռուսաստանի աջակցությունը մեզ անհրաժեշտ է ինչպես սիրիական դոսյեի գծով, այնպես էլ «Իսլամական պետության» դեմ պայքարի կազմակերպման հարցում»,- ասել է Սարկոզին: Նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է անդառնալիորեն շրջել Ռուսաստանի դեմ «սառը պատերազմի» էջը»: «Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք ամեն ինչում համաձայն ենք Մոսկվայի հետ կամ այն ամենին, ինչ տեղի է ունենում Դոնեցկում»,- հավելել է նա:

 

«Ռուսաստանը պետք է բարի կամք դրսեւորի եւ օգնի միջազգային հանրակցությանը հաղթանակ տանելու «Իսլամական պետության» նկատմամբ, ինչպես նաեւ կարգավորել Սիրիայի խառնաշփոթ իրադրությունը»,- ասել է Սարկոզին:

 

Նա հատկապես ընդգծել է, որ «պետք է ապահովել Ռուսաստանի վերադարձը «ությակ» եւ նոր երկխոսություն սկսել Եվրամիության եւ ՌԴ-ի միջեւ: Դա համապատասխանում է երկու կողմերի շահերին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: