Երեկ Հայաստանի 22 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում թեպետ ընտրություններ էին նշանակված, բայց թեկնածուն մեկն էր՝ գործող գյուղապետ Նորայր Մելքոնյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վերընտրված գյուղապետն ասաց, որ տարված հաղթանակը ոչ թե իրենն է, այլ գյուղինը, իսկ թե ինչու էր միակ թեկնածուն, չկարողացավ պատասխանել:
Ինչպես գիտենք, Ողջաբերդ գյուղը վտանգված է սողանքներով, մարդիկ վախենում են ապրել այնտեղ, շատերը լքել են իրենց տները, քանի որ դրանք փուլ են գալիս: Գյուղապետին հարցրեցինք՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում գյուղի խնդիրներին լուծում տալու համար, ինչին նա պատասխանեց.
«Գյուղի ճակատագիրը բնությունից է կախված, բնական աղետ է, ես հո չեմ կարող հոսքը կանգնեցնել: Ինչքան հնարավորություն ունենք, անում ենք, ինչքան հնարավոր է, մենք մեր ուժերով ճանապարհները վերանորոգում ենք»: