Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկում է ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հեռարձակելու մասին որոշումը դնել քվեարկության: «Հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն մեր պետականության և ժողովրդի համար, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխությունները կարող են ընդունվել միայն ժողովրդի մասնակցությամբ հանրաքվեով և այն հանգամանքը, որ ժողովուրդն իր առաքելությունն իրականացնելուց առաջ պետք է ծանոթ լինի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի տեսակետին՝ առաջարկում ենք Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը ուղիղ եթերով հեռարձակելու հարցը դնել քվեարկության»,-  նշեց Զուրաբյանը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ընդգծեց, որ ուղիղ եթերով հեռարձակելու համար ժամանակ և ֆինանսական միջոցներ են հարկավոր՝ հավելելով, որ նպատակահարմար չի համարում այդ հարցը դնել քվեարկության:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ նման պատասխանը նշանակում է, որ իշխանությունները ցանկանում են ժողովրդի թիկունքում դավադրություն կազմակերպել: Զուրաբյանի հայտարարությանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Հարգելի պարոն, ձեր տվյալները և փաստերը որևէ կապ չունեն իրականության հետ: Ազգային ժողովի նիստերն օնլայն ռեժիմով հեռարձակվում են Ազգային ժողովի կայքում, և կա հեռուստաընկերություն, որը ևս հեռարձակում է նիստերը: Պետք չէ իրականությունը խեղաթյուրել և ժողովրդին մոլորության մեջ գցել»:

 

 

 

Տեսանյութը` 1in.am-ի