Օզբիլիսի տրանսֆերի արժեքը 2 միլիոն էր ըստ փաստաթղթերի, իրականում այն 8 մլն էր: Այս մասին ասել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը՝ խոսելով հայ կիսապաշտպանի «Կուբանից» «Սպարտակ» տեղափոխության մասին:

«Երբ Օզբիլիսին «Սպարտակը» ձեռք բերեց, նա այդ պահին «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստն էր: Ակումբը հրաժարվեց նրան 6 մլնի դիմաց տալ «Մոնակոյին», մերժեց «Մետալիստի» 8 միլիոնանոց առաջարկը և դրա փոխարեն վաճառեց նրա տրանսֆերը «Սպարտակին»՝ 2 մլնի դիմաց: Առաջատար կիսապաշտպանի համար՝ 2 մլն: Օզբիլիսի տրանսֆերի արժեքը 2 միլիոն էր՝ ըստ փաստաթղթերի, իրականում այն 8 մլն էր: Թե որտեղ է այն 6 միլիոնը, այդ հարցի վերաբերյալ դատ է ընթանում Շվեյցարիայում: Ծանուցում եղել է և՛ «Կուբանին», և՛ «Սպարտակին»: Տոլստիխը՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին նախագահը, գիտեր, որ գործարքն անօրինական է և գումարը փոխանցվել է օֆշորային ընկերության: Միգուցե «Սպարտակին» այդ գումարից որոշ բաժին է հասել, չգիտեմ: Մկրտչյանը («Կուբանի» սեփականատերը) համոզել է «Սպարտակին» գնալ այդ քայլին, սակայն ակումբը մեծ սխալ թույլ տվեց և ինձ թվում է, որ այլևս երբեք նման բանի չի համաձայնի»,- Սելյուկի խոսքը մեջբերում է Sovsport-ը: