«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ազատամարտիկների շուրջ համախմբվելու կոչ է անում բոլոր նախաձեռնություններին:
Կոչի առիթը հանդիսացել է սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստը:
Ակտիվիստը համախմբման կոչ է անում՝ կանգնել ազատամարտիկների կողքին, որպեսզի պահանջ դրվի լիարժեք բացահայտել ծեծի մեղավորներին, քանի որ մտավախություն ունի, որ այս գործը կկոծկվի:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մաքսիմ Սարգսյանն ասաց. «Որպես ՀՀ քաղաքացի՝ կարծում եմ, որ պետք է կանգնենք ազատամարտիկների կողքին, և անհրաժեշտություն չկա հայտարարություններով հանդես գալ կամ կոչեր անել: Խնդիրն այն է, որ ցանկացած քաղաքացի պետք է լինի ազատամարտիկների հետ՝ անկախ այն բանից, թե ինքը որ նախաձեռնությունից է, որ ՀԿ-ից կամ կուսակցությունից»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:
«Անկախության օրն ազատամարտիկ է ծեծվել, այդ իսկ պատճառով պետք է մի կողմ դնել ցանկացած տեսակի տարանջատումներ»,- ասաց Սարգսյանը:
Մենք մի քանի նախաձեռնությունների զանգահարեցինք՝ ճշտելու, թե քննարկումներ եղել են այս հարցի շուրջ, սակայն մեզ պատասխանեցին, որ դեռևս քննարկումներ չկան: