Մեզ բարդ և կարևոր հանդիպում է սպասվում: Պատրաստ ենք և վստահ ենք մեր ուժերին: Այս մասին Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Զենիթի» հետ կայանալիք խաղից առաջ ասել է «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

«Շատ ուրախ եմ, որ երեկ վերջին մեկ տարվա ընթացքում խաղադաշտ դուրս եկա մեկնարկային կազմում և դաշտում անցկացրի 90 րոպե: Ինձ համար դա շատ կարևոր է: Ավելի գոհ եմ, որ կարողացա գոլ հեղինակել: Սակայն ասել, թե ձեռք եմ բերել օպտիմալ մարզավիճակ, դեռևս վաղ է: Դեռ ժամանակ է պետք: Կշարունակեմ աշխատել: Բոլորը գիտեն, որ «Զենիթն» ուժեղ թիմ է: Մեզ բարդ և կարևոր հանդիպում է սպասվում: Պատրաստ ենք և վստահ ենք մեր ուժերին: Մենք պետք է 100 տոկոսով խաղանք յուրաքանչյուր դրվագում: Եթե նույնիսկ մրցակիցն ունի շատ ուժեղ կողմեր, լինում են օրեր, երբ թիմի մոտ ոչինչ չի ստացվում: Երբեք չգիտենք, թե ինչ կլինի»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է sport-express-ը:

«Դուք առաջին անգամ «Սպարտակում» հեռահար գեղեցիկ հարվածից գոլ հեղինակեցիք: «Կուբանում» դա անում էիք անընդհատ, նոր թիմում չէր ստացվում: Ձեզ վերադարձե՞լ են նախկին հմտությունները» հարցին, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պատասխանել է.

«Չէի ասի, թե դրանք կորցրել էի: Այո, բոլորը գիտեն, որ կարող եմ ձախ ոտքով լավ հարվածներ կատարել: Սակայն միշտ չէ, որ այն հայտնվում է դարպասում: Կրիշտիանու Ռոնալդուն, օրինակ, չէր կարողանում տուգանայինից ուղիղ հարվածով գոլ հեղինակել տարուց ավել: Ինձ մոտ էլ կար շրջան, երբ չէր ստացվում: Դա խոսում է միայն այն մասին, որ պետք է շատ աշխատել»:

Պատախանելով այն հարցին, թե արդյոք ֆուտբոլում Մուրատ Յակինի և Դմիտրի Ալենիչևի տարբերությունն էակա՞ն է, Օզբիլիսն ասել է.

«Յակինի օրոք շատ քիչ եմ խաղացել: Այդ պատճառով էլ եզրակացություններ անելը բարդ է: Յուրաքանչյուր մարզիչ իր մարտավարությունն ունի, այդ մասին ոչինչ ասել չեմ կարող»: