Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Sputnik գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

 

«Երբեք մի ասա երբեք»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին և ճշտել, որ այժմ իր երկիրը կենտրոնացած է Եվրասիական դաշինքի երկրների հետ «ավելի մեծ թվով երկկողմ հարաբերությունների հաստատման» վրա:

 

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը և Մոնղոլիան դիտարկում են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հեռանկարները, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել առևտրական համաձայնագիր կնքել միության հետ:

 

Եվրասիական տնտեսական միությունը միավորում է Ռուսաստանին, Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին և Ղրղզստանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: