ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սահմանադրական բարեփոխումների հարցում համաձայն չէ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ տեսակետներն այդ հարցում կարող են տարբեր լինել՝ հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների հարցում քաղաքական կոնսոլիդացիա կա: «Դրա մասին է վկայում Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու քվեարկությունը: Եվ ես էլ համաձայն եմ, որ սահմանադրական բարեփոխումները իրականացվում են տեղին և ժամանակին»,- ընդգծեց վարչապետը:

 

 

Անդրադառնալով դիտարկմանտը, թե նախկին նախագահի խոսնակն արդեն հայտարարել է, որ հնարավոր է' Ռոբերտ Քոչարյանն իր թիմով մասնակցի 2017թ. խորհրդարանական ընտրություններին՝ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում:

 

 

Հարցին, թե Քոչարյանի վերադարձը սպառնալիք չէ իշխանությունների համար, վարչապետը պատասխանեց, որ այդտեղ որևէ սպառնալիք չի տեսնում: «Ես որևէ անհատի մասնակցությունը քաղաքաական գործընթացներին սպառնալիք չեմ համարում: Դա ողջունելի է միայն: Ընտրությունը կատարում է ժողովուրդը, և յուրաքանչյուր անհատ իրավունք ունի մասնակցել այդ գործընթացներին: Ես կարծում եմ, որ դա ավելի արդյունավետ կդարձնի մեր քայլերը»,- եզրափակեց վարչապետը: