Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանի խնդրի լուծման՝ բնակարանի գնման վկայագրերի պետական ծրագրի առաջին փուլը ավարտված է: Այս ընթացքում 223 ընտանիքի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր, նրանցից 207 ընտանիք ձեռք է բերել բնակարան, 16 վկայագիր մարվել է: Այս ընտանիքները կա՛մ չեն ներկայացել Շիրակի մարզպետարան՝ ծրագրին մասնակցելու համար, կա՛մ չեն գտել հարմար բնակարան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը, այս ընտանիքների վկայագրերը մարվել են, նրանք շարունակում են մնալ անօթևանության հերթացուցակի մեջ: Ինչ մնում է ծրագրի երկրոդ փուլին այս ընտանիքների մասնակցելու ևս մեկ հնարավորությանը՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ' ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի դեպքում, միայն հնարավորություն է տրվելու երկրորդ փուլի շահառու ճանաչված ընտանիքներին: «Բայց, հավանաբար, Շիրակի մարզպետարանի կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը ներկայացվի դիմում՝ վերջիններիս մասնակցության թույտվության խնդրանքով, բայց թույլ կրտվի, թե' ոչ՝ դա չեմ կարող ասել»,- նշեց Տիգրան Հարությունյանը:

 

Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին դեռևս որոշում չկա, բայց մեկնարկի դեպքում ևս 222 շահառու կօգտվի այս ծրագրից: Սրանք բոլորը Գյումրիում անօթևանության հերթացուցակի 30-րդ կետի շահառուներն են:

 

«Բնակարանի գնման վկայագիր» պետական ծրագիրը, որը նպատակը Գյումրիում անօթևանության խնդրի լուծումն է, նպաստում է նաև քաղաքում մեկ այլ՝ քաղաքը տնակներից ազատելու խնդրի լուծմանը: Ըստ ծրագրի՝ բնակիչը, առք ու վաճառքի պայմանագիրը կքնելուց հետո, ստանում է վկայագիր եւ հատկացված գումարի միայն 60 տոկոսը: Գումարի մնացած՝ 40 տոկոսը տրվում է, երբ ընտանիքները ներկայացնում են տնակների ապամոնտաժման վերաբերյալ փաստաթուղթ: Ծրագրի առաջին փուլով ազատվել է 134 տնակ: «Այսքան տնակ ազատվել է, տարածքները մաքրվել են, որի վերաբերյալ կա հ ամապատասխան գրություն: Մնացածներն ապրել են այլ կառույցներում, միայն մեկական տնակ պահելու թույլտվություն տրվել է 3 բազմանդամ ընտանիքի»,- նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ այս ծրագիրը ժողովրդի ցանկությամբ է իրականացվել՝ հարցման արդյունքում. շահառուները նախընտրել էին «Բնակարանի գնման վկայագիր» ծրագիրը. այլ ոչ թե բնակարանաշինական ծրագիրը: