ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը համարում է, որ Սիրիայում ռուսական օդուժի գործողությունները հիմնականում օգուտ են ոչ թե նախագահ Բաշար Ասադին, այլ «Իսլամական պետություն» խմբավորմանը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի գնդապետ Սթիվ Ուորենը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանելով Դամասկոսի հայտարարությունն ընդդիմության ջոկատների դեմ պայքարում հաջողությունների մասին՝ նա ասել է. «Ես ոչ մի նշում չեմ տեսել այն մասին, որ Ասադի ռեժիմն առաջընթաց է ապրել ռուսական ավիահարվածների շնորհիվ: Փոխարենը մենք տեսել ենք, որ երկրի հյուսիս-արևմուտքում Ռուսաստանի ավիահարվածներից հետո ԻՊ-ն է առաջընթաց ապրել: Այդ շրջանում ԻՊ-ն առավելություն է ստացել ռուսական հարվածների շնորհիվ»:
Բացի այդ, շարունակել է Ուորենը, «ՄԱԿ-ը վերջերս հայտարարել է, որ դադարեցնում է Սիրիայում հումանիտար գործողություններն այն պատճառով, որ ռուսական ավիահարվածները վտանգ են ներկայացնում»: «Ես համարում եմ, որ այդ հարվածները վտանգավոր են խաղաղ բնակչության համար, և կատարվում են առանց խտրականության: Դրանց ազդեցությունը բացարձակապես հակառակ կլինի այն նպատակներին, ինչի մասին հայտարարել է Ռուսաստանը»,- հայտնել է գնդապետը: