ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գարնանը կայանալիք այցն Իսրայել հետապնդում է 1 գլխավոր նպատակ. հետ պահել Իսրայելին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրությունից, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով մի խումբ հրեաների, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունը։
Նրանք համակարծիք են այն հարցում, որ Օբամայի գարնանային շտապ այցը պայմանավորաված է անցած տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն հայտարարությամբ, որ «2013թ. գարունը որոշիչ պահ կլինի իրանական միջուկային խնդրի լուծման համար»։
Նրանք պնդում են, որ այժմ Օբամային մեծապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ Նեթանյահուն, ում աջակցում է նորանշանակ կառավարությունը, կարող է Իրանին հիմա հարվածելու մասին որոշում կայացնել։
Պաշտոնյաներն Իսրայելի ռազմական ռադիոյի հետ զրույցում նշել են, որ Օբաման իր այցով հստակ «մեսիջ» է փոխանցում Նեթանյահուին, որի բովանդակությունը հետևյալն է .«Մի՛ հարձակվիր Իրանի վրա, թո՛ղ ես գլխի բերեմ այս գործը։ Եվ եթե հարկ լինի, ես գործի կանցնեմ, մենք ունենք այն հնարավորությունները, որոնք դուք չունեք»։
Այնուհետև պարբերականը հիշեցնում է, որ չի բացառվում՝ Նեթանյահուն անվտանգության կաբինետը կազմի առանց Դան Մերիդորի և Բենի Բեգինի, ովքեր մշտապես դեմ են արտահայտվել Իրանին հարվածելու ծրագրին։