ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել ավելի քան 40 երկիր: Խոսքը վերաբերում է նաև ազատ առևտրի գոտիների ստեղծմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա և գործում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ի անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
«Ընդամենը Եվրասիական միության հետ այդօրինակ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել արդեն ավելի քան 40 երկիր, նրանց բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու շուրջ, ներառյալ նաև ազատ առևտրի գոտիները»,- ասել է Մեդվեդևն օտարերկրյա ներդրումների գծով Կոնսուլտացիոն խորհրդի նիստում:
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն արդեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է կնքել Վիետնամի հետ: Մեդվեդևը նշել է, որ ԵԱՏՄ-ն օտարերկրյա ընկերություններին հնարավորություն է տալիս իրենց ներկայությունն ընդլայնել հինգ պետությունների շուկաներում: