Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախօրեին ուժգին հաքերային հարձակման է ենթարկվել ընդդիմադիր infoaz.org կայքը, ինչի պատճառով կայքի ծրագրային ապահովման մասնագետները 72 ժամով դադարեցրել են ինտերնետ-ռեսուրս մուտքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ ներկայում մասնագետները աշխատանքներ են տանում կայքի գործունեությունը վերականգնելու համար:
Նշվում է, որ հաքերային հարձակումները կարող են կապված լինել Ադրբեջանում անցկացված խայտառակ ընտրությունների արդյունքները արտասահմանյան մամուլում ավելի շատ հրապարակմանը խոչընդոտելու նպատակով, քանի որ ընդդիմադիր կայքը գործում է երեք լեզուներով:
Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան եւս մեկ հզոր հաքերային հարձակում էր կատարվել արտասահմանում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետ-ռեսուրսի կայքի վրա, ինչի հետևանքով ինտերնետ-հեռուստաալիքի աշխատանքը մինչ օրս արգելափակված է:
Meydan TV ինտերնետ-ալիքը հանդիսանում է Ադրբեջանի ղեկավարության գլխավոր քննադատներից մեկը եւ տեղեկայված է Բեռլինում: Ադրբեջանցի այլախոհների եւ նախկին քաղաքական բանտարկյալների կողմից ստեղծված Meydan TV հեռուստաալիքը արդեն երկար ժամանակ ճնշման է ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հեռուստաալիքի հետ համագործակցող բոլոր լրագրողները գործնականում հարցաքննությունների են ենթարկվում Ադրբեջանի դատախազություններում, իսկ նրանց մերձավորների եւ հարազատների նկատմամբ ճնշում է գործադրվում: