Սա ինձ համար յուրահատուկ խաղ չէ, սակայն, գոլ դուրս եկավ: Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով Եվրոպայի լիգայի շրջանակներում «Գաբալայի» դեմ 4:0 հաշվով ավարտված խաղին:

«Առաջին գոլի ժամանակ դժվար էր, բայց դրանից հետո մրցակցի պաշտպանությունում դատարկ տեղեր առաջացան: Սկսեցինք ավելի շատ գրոհել: Երկրորդ գոլից հետո ավելի հեշտ էր: Մեր թիմը լավ խաղաց և շնորհավորում եմ հաղթանակի համար: «Գաբալան» լավ թիմ է, ես գիտեմ մարզչին: Ինչ վերաբերում է Բաքու չմեկնելուն, ապա ես ցանկանում էի մեկնել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվեց, որ մնալու եմ Դորտմունդում: Մինչ ինձ գնացել էին ըմբիշներն ու շախմատիստները, սակայն ֆուտբոլն այլ հարց է: Չեմ կարող ասել՝ ինչ կարող էր տեղի ունենալ, եթե գայի Բաքու»,- ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով հանդիպմանը հայ երկրպագուների ներկայությանը՝ Հայաստանի հավաքականի ավագն ասել է.

«Գերմանիայում բազմաթիվ հայրենակիցներ ունեմ, ովքեր հաճախում են «Բորուսիայի» խաղերին: Պետք չէ մտածել, որ դա կապված է ադրբեջանական թիմի դեմ խաղի հետ: Այդ երկրպագուները եկել էին ինձ համար, ոչ թե ադրբեջանական թիմի դեմ երկրպագելու համար: Ինչ վերաբերում է խփածս գոլին, ապա խաղից առաջ ասել եմ, որ սա ինձ համար յուրահատուկ խաղ չէ, գոլ, սակայն, դուրս եկավ: Այստեղ ոչ մի հատուկ սկզբունքայնություն չկա»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է azerisport.com-ը: