ՌԴ կառավարության օպերատիվ շտաբը կկազմակերպի Եգիպտոսից Ռուսաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «Շտաբը կզբաղվի այս պահին Եգիպտոսում գտնվող ՌԴ քաղաքացիների հայրենիք վերադարձը կազմակերպելով' ըստ ժամանակացույցի: Թռիչքների ժամկետներն առավելագույնս կմոտեցվեն այն ամսաթվերին, որոնցով դրանք ձեռք են բերվել»,- ասված է ՌԴ կառավարության հայտարարության մեջ:

 

 

Միաժամանակ, ՌԴ կառավարությունը տեղեկացնում է, որ օպերատիվ շտաբները կկազմակերպվեն Եգիպտոսի մի շարք քաղաքներում, որտեղ մեծամասամբ կենտրոնացած են ՌԴ քաղաքացիները: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծելու է նաև թեժ գիծ, որտեղ հնարավոր կլինի ստանալ տեղեկատվություն' կապված օպերատիվ շտաբների աշխատանքի և ՌԴ քաղաքացիների հայրենիք վերադարձի հետ:

 

 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է դադարեցնել դեպի Եգիպտոս ավիաչվերթերը' մինչ А321 ինքնաթիռի ողբերգական վթարի պատճառների վեր հանումը:

 

 

Եգիպտոսում ներկա դրությամբ կարող են գտնվել մինչև 50 հազար ռուս զբոսաշրջիկներ: