2016թ. հունվարի 1-ից հայաստանյան մեդիա ոլորտում իր գործունեությունն է սկսելու հեռուստալսարանի չափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը, որը կլինի հեղինակավոր «Նիլսեն Ադմոսֆեր»-ի հայաստանյան ներկայացուցիչը: Այս մասին հայտնի դարձավ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության ներկայացման միջոցառմանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին՝ Երևանում: Նշենք, որ «Նիլսեն Ադմոսֆեր»ընկերությունն ընդգրկված էաշխարհահռչակ «Նիլսեն Գրուպ»-ի կազմում, որը գրանցած արդյունքներով և ցուցանիշներով համաշխարհային առաջատարն է հեռուստալսարանի չափումներ իրականացնող ընկերությունների շարքում:

 

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կառավարող գործընկեր Արման Վարդանյանը, ով նաև «Նիլսեն Ադմոսֆեր» միջազգային հեղինակավոր ընկերության՝ Արևելյան Եվրոպայի գծով խորհրդատուն է, խոսելով Հայաստանում հեռուստալսարանի չափումներ կատարող ընկերությունների, ոլորտի ձևավորման, կայացման և զարգացման հեռանկարների մասին:

 

«2003թ. Հայաստանում հեռուստալսարանի չափումներ կատարող ընկերության հիմնումը հեղափոխական քայլ էր այս ոլորտի համար. դա տեղի ունեցավ Վրաստանի հետ զուգահեռ, իսկ Ադրբեջանում հեռուստալսարանի չափումներն անհամեմատ ավելի ուշ սկսվեցին: Այդ ընկերության շնորհիվ հայաստանյան գովազդային շուկան համալրվեց միջազգային մի շարք ապրանքանիշներով և շուկան մեծ քայլ կատարեց դեպի առաջ։

 

2007թ. Հայաստանում մեր կողմից հիմնադրվեց «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որն աշխատում էր եվրոպական խոշորագույն հետազոտական ընկերության՝ GFK-ի արտոնագրով: 2007թ. մենք դարձանք 70 երկրում գործող, մեդիաուսումնասիրություններ իրականացնող շուրջ 130 ընկերություններից բաղկացած ընտանիքի լիարժեք անդամ:

 

Ինչպես տեղյակ եք, 2016թ. Հայաստանում դադարեցվելու է անալոգային հեռարձակումը: Այդ պատճառով մենք նոր կապեր հաստատեցինք ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ՝տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով»,- նշեց Արման Վարդանյանը և հավելեց,- «փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ չկա հեղինակավոր հեռուստաչափող ընկերություն, միջազգային ընկերությունների գովազդային բյուջեները հատկացվում են լավագույն դեպքումմնացորդային սկզբունքով, իսկ վատագույն դեպքում ընդհանրապես չեն հատկացվում»։

 

«Նիլսոն Ադմոսֆեր» ընկերության խորհրդի նախագահ Թերեզա Շիմեչկովան նշեց, որ ուրախ է համագործակցության համար և բարձր է գնահատում հայաստանյան մեդիա շուկայի պատրաստականությունը՝ նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից լիովին օգտվելու առումով:

 

«Նիլսոն Ադմոսֆեր» ընկերության խորհրդի փոխնախագահ Միխալ Յորդանն էլ իր հերթին հայտնեց, որ իրենք աշխատում են աշխարհի մեծ թվով երկրներում և կարևորում են հատկապես Հայաստանում իրենց ներկայացվածության փաստը:

 

«Ադմոսֆեր Արմենիա» ընկերության տնային տնտեսությունների ուսումնասիրության բաժնի ղեկավար Բագրատ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջազգային մեթոդաբանության չափորոշիչներով ընտրված 350 տնային տնտեսություններում տեղադրված հեռուսացույցներին կցվելու են չափիչ սարքեր, որոնք հնարավորություն կտան ամենօրյա ռեժիմով ստանալ տեղեկատվություն՝ տարբեր սեռի, տարիքի, կրթության և այլ սոցիալ-տնտեսական բնութագրիչներով օժտված անհատների և տնային տնտեսությունների մասին:

 

IPM անկախ հետազոտական ընկերությունը ներկայացրեց 2015թ. անցկացված հիմնադիր ուսումնասիրության տվյալները, որոնց հիման վրա ձևավորվելու է հեռուստալսարանի ուսումնասիրության ընտրանքը:

 

Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ նոր տեխնոլոգիաների մեթոդաբանության և վերլուծական գործիքների վերաբերյալ:

 

 

Տեսանյութը` Արմենիա TV