Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող A321 ինքնաթիռը, որը կործանվել էր Եգիպտոսում, եղել է տեխնիկապես սարքին վիճակում և չէր կարող աղետի պատճառ դառնալ: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Airbus-ի փոխնախագահ Ստեֆան Շաֆրատը՝ Dubai Airshow-2015-ի ընթացքում:
«Այսօր մենք հասկանում ենք, որ ինքնաթիռը սարքին է եղել, իսկ դա նշանակում է, որ աղետը տեղի չի ունեցել ինքնաթիռի պատճառով, սակայն պետք է սպասել քննության վերջնական արդյունքներին»,-ասել է Շաֆրատը:
Նա հավելել է, որ Airbus-ը դեռ տեղեկություն չունի այն մասին, թե որտեղ պետք է հավաքվեն կործանված A321-ի մնացորդները:
«Մենք պատրաստ ենք համագործակցության: Մենք փորձագետներ ունենք Թուլուզում և Համբուրգում, սակայն որոշողը մենք չենք»,-ասել է նա:
Ռուսական ավիացիայի պատմության ամենախոշոր ավիավթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին: Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին: