Գյումրիում պատասխանելով «Գալա» հեռուստաընկերության լրագրողուհու հարցին այն մասին, որ Շիրակում սովորաբար ընդդիմադիրներին են սատարում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը Շիրակում միշտ էլ սատարում է ունեցել:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը փոքր-ինչ տարօրինակ է վերջին խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրությանը Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, երկու մարզում բավական ցածր արդյունքներ կարողացավ արձանագրել՝ զիջելով ԲՀԿ-ին: Մեկը Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատն էր, իսկ մյուսը՝ հենց Շիրակը: Շիրակում ՀՀԿ-ն պարտվեց ԲՀԿ-ին թե՛ մեծամասնականով և թե՛ համամասնականով:

Ամենախոսուն փաստն այն է, որ հենց այդ պարտությունից հետո ՀՀԿ-ն կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոփոխությունը: Եվ ընդհանրապես, Շիրակը Հայաստանի, այսպես ասած, ամենաընդդիմադիր, ամենաբողոքական մարզերից է, որը այդ առումով միշտ եղել է բավական ակտիվ: Խորհրդարանական ընտրությունները այս ամենի հերթական ապացույցներից էին:

Սակայն խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջև, իհարկե, տարբերություն կա: Խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն հանդես էր գալիս ինքնուրույն: ՀՀԿ-ն այդ ինքնուրույնությունը խրախուսում էր, քանի որ ԲՀԿ-ի միջոցով իրականացվում էր ընդդիմադիր դաշտը վերջնականապես արժեզրկելու և փոշիացնելու գործընթացի մի կարևոր փուլ: Այդ փուլում ՀՀԿ-ի համար ոչ միայն ողբերգություն չէր մի երկու մարզում հաղթանակը ԲՀԿ-ին շնորհելը, այլև նույնիսկ կարող էր էլ ավելի բնականություն հաղորդել բավական նրբորեն մշակված տեխնոլոգիային, որ իրականացրեց Սերժ Սարգսյանը:

Նախագահական ընտրություննրում ԲՀԿ-ն զրկվեց ինքնուրույնությունից: Գագիկ Ծառուկյանը նույնիսկ թեկնածություն դնելու հնարավորություն չունեցավ: Եթե դրան գումարվում է այն, որ Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու հենասյուները՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ուղղակիորեն, իսկ Մարտուն Գրիգորյանն էլ անուղղակիորեն աջակցելու են Սերժ Սարգսյանին, ապա ստացվում է, որ խորհրդարանական ընտրությանը ԲՀԿ-ի ստացած ձայների առնվազն մեծ մասը գնալու են Սերժ Սարգսյանին, որովհետև այդ ձայները հստակ ուղղորդվող ձայներ են, ոչ թե ազատ կամարտահայտման դրսևորումներ:

Այդ իմաստով Սերժ Սարգսյանը, իհարկե, չի հակասում իրավիճակին և չնայած նախորդ խորհրդարանական ընտրությանը պարտվել է ԲՀԿ-ին, նախագահական ընտրությանը այդ պարտված ձայները գրանցվելու են նրա օգտին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ակնարկել է, որ նախագահական ընտրությանը ԲՀԿ-ն իրականում աշխատելու է հենց իր համար:

Ու չնայած ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հենց նույն «Գալա»-ին տված հարցազրույցում հայտարարում է, որ բոլորովին չեն պատրաստվում կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, քանի որ պատասխանատվություն են ստանձնել իրենց ընտրողների առջև, այնուամենայնիվ պարզ է, որ գոնե նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի պատասխանատվությունը ավելի մեծ է լինելու Սերժ Սարգսյանի առջև:

Ընտրողների առջև պատասխանատվությունը իրացնում են նախագահական ընտրությանը առաջադրվելու և հաղթելու համար պայքարելու միջոցով, և ոչ թե կուսակցությունը բաժանում են «անհատների» և հայտարարում անհատական հիմունքներով Սերժ Սարգսյանին ձայն տալու մասին՝ դառնալով նրա գաղտնի զենքը խնդրահարույց մարզերում: