Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ուսուցիչների օրվան նվիրված ընդունելության ժամանակ խոսել է թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական ինքնաթիռի մասին' կրկնելով թուրքական պաշտոնական տեսակետն այն մասին, թե ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի օդային սահմանը խախտելու և զգուշացումներին չենթարկվելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

 

«Թուրքիան թշնամանք չի տածում որևէ երկրի նկատմամբ: Մենք հնարավոր ամեն բան արել ենք այս միջադեպից խուսափելու նպատակով, և թող ոչ ոք դրանում կասկած չունենա: Բոլորը պետք է հարգեն սեփական սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը: Մենք անկեղծորեն աջակցում ենք Սիրիայի ընդդիմադիրներին»,-ասել է Էրդողանը' հավելելով, որ ԻՊ-ին հարվածելու պատրվակի տակ իրականում հարվածներ են հասցվում այդ տարածաշրջանում բնակվող թուրքմեններին: