Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե: Գրեթե երեք շաբաթ է, ինչ «Այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավը շարունակվում է:

 

«Այո-ի և ոչ» ռեալիթի շոուի շրջանակներում էլ փորձում են ակտիվացնել քարոզչությունը հանրության շրջանում: Նշենք, որ «ՈՉ»-ի ճակատը՝ ի դեմս ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի, հրաժարվել է ռեալիթի շոուին մասնակցելուց:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը քարոզարշավի ընթացքի, «Այո» և «Ոչ» ճամբարների, հասարակության իրազեկվածության մակարդակի մասին զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ.

 

««Այո»-ի ճամբարում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն են, «ՈՉ»-ի ճամբարում՝ ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն, մյուս ուժերի մասնակցությունը կոպիտ կհնչի, բայց զրոյական է:


«Այո»-ի թիմը փորձում է քարոզարշավի հիմքում դնել Սահմանադրության բովանդակային քննարկում՝ ցույց տալու համար, որ ա՛յ, տեսեք՝ այս բովանդակությունը շատ լավն է, եթե դուք դեկտեմբերի 6-ին «այո» ասեք, դեկտեմբերի 7-ին կարթնանաք նոր Հայաստանում` դեմոկրատական, ժողովրդավարական:

 

Նրանց քարոզարշավի ամենաթույլ կողմն այն է, որ այն, ինչ խոստանում են, որ պետք է անեն դեկտեմբերի 6-ին «Այո» ասելուց հետո, դա իրենք կարող էին անել նաև հիմա:

 

Սահմանադրությունը չէ մեղավոր, որ այն, ինչ նրանք խոստանում էին, չարեցին, պարզապեսՍահմանադրության մեջ գրված չէր, որ ընտրությունը պետք է կեղծել, դատաիրավական համակարգը պետք է վերածել խարդախության, տնտեսական մենաշնորհներ պետք է լինեն, բարձրաստիճան չինովնիկների որդիները պետք է ում ասես ծեծեն ու անպատասխան մնան:


«Այո»-ի թույլ կողմն այն է, որ չեն կարողանում համոզել, որ այս սահմանադրական հանրաքվեն կատարվում է երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու համար, որովհետև երկիրը ժողովրդավարացված չէ՝ հենց այսօրվա իշխանությունների մեղքով:

 

Բնականաբար, «Այո»-ի թիմը դա չի կարողանում ծածկադմփոցի վերածել, դրա համար իրենց հիմնական նպատակն է քարոզարշավի հիմքում դնել Սահմանադրության բովանդակային քննարկումը՝ զուտ հոդվածների տեսքով: Դա է ցանկանում անել նաև ՀՅԴ-ն, որի բազմաթիվ անդամներ մեղադրանք են ներկայացնում ընդդիմությանը, թե ինչու չեն համաձայնում մասնակցել Սահմանադրության այս կամ այն կետի բովանդակային քննարկումներին: Սա է «Այո»-ի քարոզարշավի մեխը»,- ասաց Բադալյանը:

 

Անդրադառնալով, «Ոչ»-ի ճամբարին՝ Բադալյանը նշեց, որ նրանց կողմից Սահմանադրության բովանդակային քննարկումներին չմասնակցելն, այս դեպքում, ամենաճիշտ որոշումն էր:

 

«Նրանք հրաժարվեցին այդ փաստաթղթի հոդվածային քննարկումից, քանի որ «Ոչ»-ի ճակատը, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավը, ոչ թե Սահմանադրության բովանդակային քննարկման են վերածում, այլ այսօրվա կյանքի քննարկմանն են վերածում:

 

Այսինքն՝ եթե գոհ ես այսօրվա կյանքից, քվեարկիր «Այո», եթե գոհ չես, ուրեմն քվեարկիր «Ոչ»:


Այդ իսկ պատճառով նրանք առավելություն ունեն, որովհետև նրանք շարքային քաղաքացիներին կարողանում են բացատրել, որ այս իշխանությունը, որն անընդհատ խոստանում է դեկտեմբերի 7-ից նոր, ժողովրդավարական Հայաստան, դրա հնարավորությունն ուներ, ու իրենց ոչինչ չէր խանգարում այսօրվա Սահմանադրությամբ դա իրականացնել:


Իսկ քանի որ հասարակությունն էլ այդ աստիճանի հիմարացված չէ, շատ լավ հարցադրումներ է կատարում. «Եթե դուք ցանկանում էիք երկրում ժողովրդավարություն հաստատել, կյանքը բարելավվել, է հիմա բարելավվեք, ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը»:

 

Բովանդակային տեսակետից առավելությունը «ՈՉ»-ի կողմն է, պարզապես ընդդիմությունը չունի լրատվամիջոցներ, հեռուստաընկերություն, որ կարողանա իր խոսքը հասցնել քաղաքացիներին, դրա համար էլ, բացը փորձում են լրացնել գյուղերում և քաղաքներում մարդկանց հետ հանդիպելով»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ իշխանությունների բովանդակային քարոզարշավի էությունը թույլ է և հաջողություն չունեցող՝ չնայած իր առավելությունն այն է, որ ունի ֆինանսավարչական և լրատվական ռեսուրս:

 

Խոսելով «Նոր Հայաստան» քաղաքական միավորի մասին՝ Բադալյանն ասաց, որ նրանք այնքանով կապ ունեն քարոզարշավի հետ, որքանով, որ դեկտեմբերի 1-ը՝ նրանց հանրահավաքի օրը, համընկել է քարոզարշավի շրջանի հետ:

 

 

Գայանե Համբարձումյան