Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը:
Էբադին նշել է, որ Թուրքիան Իրաքի կառավարությունից թույլտվություն չի ստացել զորքերը Մոսուլի շրջան մտցնելու համար, և իրաքյան կառավարությունն այս մասին որևէ տեղեկատվություն չի էլ ունեցել: