Միացյալ Նահանգներն անընդունելի է համարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին ուժեղացած լարվածությունն ու ծանր տեխնիկայի կիրառումը: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին, ով համահավասարեցնող հերթական հայտարարությունն է արել՝ հորդորելով հայկական ու ադրբեջանական կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

 

«Մենք կողմերին հիշեցնում ենք, որ այս հարձակումները չեն համապատասխանում հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանձնառությանը: Այս ամիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գագաթնաժողով կկազմակերպեն նախագահների մասնակցությամբ: Մենք հորդորում ենք կողմերին ձեռնարկել բոլոր քայլերը՝ խուսափելու բռնությունից և բարելավելու մթնոլորտը բանակցությունների համար»,- նշել է Քիրբին՝ ցավակցություն հայտնելով այն ընտանիքներին, ովքեր սահմանային վերջին միջադեպերի հետևանքով ունեցել են կորուստներ:

 

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությանը նպաստել է թուրք-ռուսական հարաբերությունների սրումը՝ Քիրբին ընդգծել է, որ իրենց անհնագստացնում է իրադրության լարումը, այլ ոչ թե դրա սկզբնաղբյուրը: «Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ մենք ցանկանում ենք իրադրության լարվածության թոթափում, և որ գերակշռեն սառը դատողությունները: Մենք անհանգստացած ենք բռնության դեպքերով և, բնականաբար, շարունակելու ենք մոնիթորինգը՝ հետևելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը: