Երկրապահ կամավորակնների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը՝ շարունակելով Երկրապահ կամավորակնների միության հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը, կարևորելով և մեծ տեղ հատկացնելով զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքիների խնդիրներին, արժևորելով գալիք սերունդների արժեքային ճիշտ համակարգի ձևավորումը, հայրենիքին նվիրյալ հայրենասեր զավակների դաստիարակումը, շարունակում է համագործակցության հուշագրեր ստորագրել նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միությունը հուշագրեր է ստորագրել Կրթության և գիտության, Պաշտպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության նախարարությունների, կադաստրի պետական կոմիտեի և Փաստաբանների պալատի հետ: Համագործակցող կառույցների ներկայացուցիչները հրամանատարասերժանտական դասընթացների ընթացքում պատանիների հետ անցկացնում են տեսական և գործնական պարապմունքներ, ինչի շնորհիվ պատանիներն այսօր ձեռք են բերել գիտելիքների մեծ պաշար, ունեն հմտություններ ու կարողություններ ամենատարբեր ասպարեզներում: Այս անգամ համագործակցության հուշագիր ստորագրվեց Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի միջև:
Մինչ հուշագրի ստորագրումը, հյուրերը, պատանի երկրապահների ուղեկցությամբ, ծաղիկներ խոնարհեցին վարչության շենքում տեղադրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ: Այնուհետև Զորավարը ողջունեց պատանիներին և շնորհավորեց հերթական հուշագրի ստորագրման կապակցությամբ:
Հոգևորականի օրհնությամբ մեկնարկեց միջոցառման պաշտոնական մասը: Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական և Երկրապահ կամավորականների միության օրհներգները: Հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հայորդիների հիշատակը:
Հուշագրի ստորագրման կարևորության մասին խոսեցին Զորավար Մանվել Գրիգորյանն ու Սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Զորավար Մանվել Գրիգորյանը պարգևատրեց Սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
Միջոցառման վերջում հյուրերը ճանաչողական այց իրականացրեցին ԵԿՄ վարչության շենքում՝ ծանոթանալով վարչությունում տեղադրված հուշակոթողների պատմությանը: